Կարսից, Իգդիրից Ամանորի շնորհավորանքներ վարչապետ Խատիսյանին

Վերջին երեք տարիներին ես գրեթե ամենօրյա ռեժիմով այցելում եմ Հայաստանի ազգային արխիվ և կամ Ազգային գրադարան՝ կարդալու Հայաստանի Հանրապետության (1918-1920/21 թթ) մասին պաշտոնական փաստաթղթեր, թերթատելու այդ օրերի պարբերականները, առաջին հերթին իշխող կուսակցության՝ ՀՅԴ-ի մամուլը՝ «Յառաջը», «Հորիզոնը», «Զանգը», «Աշխատանքը»:

Հետաքրքրական բազմաթիվ տեղեկություններ են հանդիպում, որոնցից մեկի մասին պիտի գրեմ ստորև՝ հաշվի առնելով Ամանորի տոնական այս օրերը:

Ինձ դեռևս չի հանդիպել հրապարակում կամ կարճ լուր այն մասին, թե երբ են պաշտոնատար անձինք շնորհավորել ժողովրդին՝ Նոր տարվա առիթով:

Փոխարենը մի քանի անգամ հանդիպել է տեղեկատվություն, թե ինչպես են Հայաստանի տարբեր նահանգների քաղաքացիական պաշտոնյաներ ու զինվորականներ հեռագրով շնորհավորել վարչապետի Նոր տարին: Հայաստանի Հանրապետությունում (1918-1920/21 թթ) նախագահի ինստիտուտ գոյություն չուներ, երկրի առաջին դեմքը վարչապետն էր, որին ընտրում էր խորհրդարանը:

Առաջին անգամ, ըստ իմ ուսումնասիրությունների, վարչապետը Նոր տարվա առիթով շնորհավորանքներ ստացել է 1919/1920 թվականի տարեմուտին:

ՀՅԴ Բյուրոյի «Յառաջ» օրաթերթը 1920 թվականի հունվարի 4-ի համարում ներկայացնում է Ամանորի առիթով վարչապետ Խատիսյանի ստացած շնորհավորանքները զորավարներ Թովմաս Նազարբեկյանից ու Քիշմիշյանից, կապիտան Հակոբյանից, գեներալ մայոր Հախվերդյանից, զորավար Խաչատուրյանից (Ալեքսանդրապոլ, այսօր՝ Գյումրի), Համազասպից (Նոր Բայազետ, այսօր՝ Գավառ), գնդապետ Միրիմանյանից (Սարիղամիշ, այսօր՝ Թուրքիա), զորախմբի պետ Մխիթարյանից (Իգդիր, այսօր՝ Թուրքիա), գեներալ մայոր Հովսեփյանից (Կարս, այսօր՝ Թուրքիա):

Իգդիրը, Սարիղամիշն ու Կարսը մաս են կազմել Հայաստանի Հանրապետության: Այս քաղաքները և Կարսի մարզն ու Սուրմալուն, որի կենտրոնը Իգդիրն էր, հայկական բանակը կորցրել է թուրք-հայկական վերջին պատերազմում՝ 1920 թվականի աշնանը: Ընդ որում, եթե հայկական բանակը Իգդիրում լուրջ կռիվ մղեց ներխուժող քեմալականների դեմ, ապա Սարիղամիշն ու Կարսը ընկավ գրեթե առանց կռվի:

Կարսից գեներալ մայոր Հովսեփյանը 1920-ի հունվարի 1-ին Խատիսյանին գրել է. «Ես և 2-րդ հետևակ վաշտի զորքը՝ լցված Հայրենիքի սիրո զգացմունքով, Նոր տարվա առաջին օրը շնորհավորելով, ուղարկում ենք մեր կառավարությանը ամենաբարի ցանկություններ՝ վերջնականապես ամրապնդելու մեր ազատությունը և վերականգնելու մեր քայքայված երկիրը: Սպաներն ու զինվորները՝ համակված կառավարության գաղափարներով, չնայած ցրտին ու քաղցին և հայ զինվորի ու սպայի կրած չտեսնված զրկանքներին, պատրաստ են կառավարության հենց առաջին իսկ կոչին զոհելու իրենց կյանքը»:

1920թ. դեկտեմբերի 31-ին Կարսից գնդապետ Խալմկովը Խատիսյանին գրել է. «Ղարսի հրետանային զորաբանակի սպաներն ու զինվորները շնորհավորում են Նոր տարին, առողջություն և ուժ ենք ցանկանում՝ շարունակելու Ձեր արդյունավետ գործունեությունը հօգուտ Հայրենիքի և մեր հանրապետության բազմաչարչար ժողովրդի»:

Լուսանկարում՝ վարչապետ Խատիսյանը և զորավար Նազարբեկյանը Սարիղամիշում 1919 թվականի աշնանը

Մեկնաբանել