Սիրիայում ականակոծության արդյունքում ոչնչացվել է ՌԴ 7 ինքնաթիռ. լրատվամիջոցներ

Սիրիայում ռուսաստանյան «Հմեյմիմ» ավիաբազան ականակոծվել է արմատական իսլամականների կողմից, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

«Կոմերսանտ»-ի տեղեկություններով, որը հղում է անում ռազմա-դիվանագիտական աղբյուրներին, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին: Այս մասին հաղորդում է նաև «Վեդոմոստի» թերթը:

Հարձակման արդյունքում, տեղեկության, ՌԴ բազայում ոչնչացվել է Սու-24 չորս ռմբակոծիչ, Սու-35Ս երկու կործանիչ, Ան-72 մեկ ինքնաթիռ, ինչպես նաև զինապահեստ, որը ականակոծության արդյունքում պայթել է: Ոչ պաշտոնական տվյալներով, հնարավոր է, վիրավորվել է մոտ 10 զինվորական:

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել միջադեպի վերաբերյալ: Միայն տեղեկացրել է, որ դեկտեմբերի 31-ին Սիրիայում կործանվել է Միգ-24, երկու օդաչու զոհվել է: Աղետը ՊՆ-ն հիմնավորել է տեխնիկական անսարքություններով: Ընդ որում, դա հայտնի է դարձել հունվարի 3-ին:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ռուսաստանյան զորախումբը Սիրիայում ունի հուսալի հակաօդային պաշտպանություն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին Հմեյմիմ այցելության ընթացքում հրահանգել էր դուրս բերել ռուսական զորքերը Սիրիայից: Դրան նախորդել էր Շոյգուի հայտարարությունն այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայի տարածքում ջախջախվել է:

Մեկնաբանել