Օսման Քավալան հայտարարություն է տարածել բանտից

Թուրք իրավապաշտպան, «Անադոլու Կուլտուր» կազմակերպության նախագահ Օսման Քավալան հայտարարություն է տարածել իր ձերբակալության և իրեն մեղսագրվող պնդումների մասին։

Թուրք ականավոր հասարակական գործիչ, Օսման Քավալան ձերբակալվել էր 2017թ․ նոյեմբերի 1-ին՝ Ստամբուլի օդանավակայանում՝ Ղազիայնթափից վերադառնալիս։ Նա մեղադրվում է 2016թ․ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին աջակցելու մեջ։

Սիլիվրի բանտում պահվող Քավալան հայտարարությունը տարածել է իր փաստաբանների միջոցով։

«Երբ Ղազիայնթափից վերադառնալիս ինձ ձերբակալեցին, ես մտահոգ չէի։ Ես հուսով էի՝ անմիջապես կհասկանան, որ իմ նկատմամբ կասկածները անհիմն են։ Սակայն իմ ձերբակալությունը և ինձ առաջադրված մեղադրանքները, որոնք հանգեցրին իմ կալանավորմանը, անակնկալ էին ինձ համար։

Մեղադրանքում, որ ես Գեզիի այգու դեպքերի կազմակերպիչն եմ, պնդում կա, թե ես ֆինանսավորել եմ ցույցերը։ Ինչպես հիշում եք, Գեզիի դեպքերից հետո հայտարարություններ եղան, որ ցույցերը կազմակերպվել և դրանց ֆինանսական աջակցություն տրամադրվել էր արտասահմանից։ 2014թ․ տպագրված մի հոդվածում նույնպես նշվում էր, որ հետաքննական գրություն կա, որ վերաբերում է ինձ ու Գեզիի դեպքերին։ Ավելի ուշ՝ 2015թ․, այս խնդրով հետաքննությունը վարողը ձերբակալվեց և մինչ այժմ անազատության մեջ է։ Արդյունքում այս անհիմն պնդումների վերաբերյալ մինչ այժմ որևէ ապացույց չի հայտնաբերվել, և ես միակ մարդն եմ, որ ձերբակալված է այս հարցով։

Իմ ձերբակալության հետ կապված, ես հատկապես տարօրինակ եմ համարում այն պնդումները, որոնք իբր ինձ կապում են Գյուլենի և հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետ։

Ես ցնցված եմ այն փաստից, որ նման պնդումներ են մեղսագրվում ինձ, այն դեպքում, երբ իմ ամբողջ կյանքի ընթացքում հանդես եմ եկել հեղաշրջումների դեմ և փորձել եմ հանրության ուշադրությունը գրավել այն բացասական ազդեցությունների վրա, որ գյուլենական համայնքը տարիներ շարունակ ունեցել է պետության ներսում։

Ամեն դեպքում՝ որպես մարդ, որն անցել է Սեպտեմբերի 12-ի փորձի միջով [1980թ․ հեղաշրջման – խմբ․] և երբեք չի մոռացել այդ օրերի սարսափելի հիշողությունները, ինձ համար խիստ վիրավորական են պնդումները, թե ես կապված եմ եղել այդ շրջանակների հետ։ Ես ցանկանում եմ ընդգծել, որ այդ առնչությամբ ես դիմել եմ իրավական միջոցների։

Ես վստահ եմ, որ շուտով հասկանալի կդառնա, որ այդ պնդումներն անհիմն են։ Ինչևէ, ես կարծում եմ, որ երկրում արտակարգ դրությունը ևս ազդում է դատավարության մթնոլորտի վրա, և որ ձերբակալության որոշումները կարող է՝ բխել են այդ երևույթից։ Արտակարգ դրության պայմաններում կասկածյալին կորցնելու մտահոգությունը գերադասվում է մարդու անարդար հետապնդումը կանխարգելելուց։ Թեև ակնկալվում է, որ մարդիկ, ովքեր անտեղի ձերբակալվել են և պետք է շուտափույթ ազատ արձակվեն, անմեղության կանխավարկածը խախտող նախաձեռնությունների հոգեբանական ազդեցությունը, ինչպիսիք էին վերջին պատրաստությունները միասնական դրես-կոդ մտցնելու վերաբերյալ, հաշվի չեն առնվում։

Չնայած այս ամենին՝ ես հավատում եմ, որ նոր տարին ավելի լավ տարի կլինի ժողովրդավարության և ազատությունների համար։

Ես իմ բարեմաղթանքներն եմ հղում բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ իրենց հայտարարություններով և ուեղերձներով իմ ձերբակալությունից ի վեր։ Եվ ես ցանկանում եմ ասել, որ առողջականս լավ է։ Հուսով եմ՝ շուտով կտեսնեմ բոլորիդ․․․»։

Մեկնաբանել