Eurasianet.org կայքում լույս է տեսել Անուշ Բաբաջանյանի հոդվածը՝ «Երուսաղեմի հայկական համայնքը կրճատվում է, բայց շարունակում է տոկալ» վերնագրով։ Հեղինակը զրուցել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Նրանց մտահոգում է համայնքի թվի կրճատումը, մտավախություններ կան Հայկական թաղամասի հանդեպ իրավունքները կորցնելու հետ կապված։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։ Լուսանկարները՝ Անուշ Բաբաջանյանի։
Երուսաղեմում դարեր շարունակ գոյություն ունի Հայկական թաղամաս, որը զբաղեցնում է Հին քաղաքի մոտ մեկ վեցերորդ մասը։ Հայերը քաղաքում սկսել են բնակություն հաստատել 4-րդ դարում՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո:
Դարեր առաջ՝ Երուսաղեմի՝ Օսմանյան տիրակալության տակ գտնվելու ժամանակ, ձեռք բերված համաձայնագրի արդյունքում հայերը պատասխանատություն են կրում քաղաքի քրիստոնեական սրբազան վայրերի պահպանության համար։ Սուրբ Հարության տաճարում հայերը շաբաթը մի քանի անգամ մաքրում են Էդիկուլան (Կուվուկլիա), որում գտնվում է Տիրոջ գերեզմանը, և հարակից տարածքը։
1948թ. Երուսաղեմում հայերի թիվը հասնում էր մոտ 16 հազարի: Այսօր այդ թիվը կրճատվել է․ մոտավոր հաշվարկներով տատանվում է 700-1000-ի սահմաններում՝ գումարած Բեթղեհեմի փոքր համայնքը:
Համայնքում ոմանք անհանգստացած են թվերի նվազմամբ։ Երուսաղեմում շարունակվող անհանգստությունից բացի, որոշ հայեր կարծում են, որ այս օրերին իրենց ներկայությունը Երուսաղեմում այնքան էլ ողջունելի չէ՝ չնայած քաղաքում հայերի բազմադարյա ներկայությանը:
«Մեզ միջազգային անձնագրեր չեն տրամադրում և հաճախ վատ են վերաբերվում, ինչպես ոչ հրեա այլ էթնիկ խմբերին»,- Eurasianet.org-ին ասել է Երուսաղեմի Հայկական թաղամասից մի կին, որը չի ցանկացել ներկայանալ։
Սա կարող է նաև հետևանքներ ունենալ Երուսաղեմի սրբազան վայրերի պահպանման գործում հայերի ունեցած դերի վրա: Համայնքը սատարում է Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը, որը իր հերթին կառավարում է Հայկական թաղամասը: Որոշ հայեր մտավախություն ունեն, որ իրենց նվազող թվերը և թաղամասի՝ Հին քաղաքում որպես զբոսաշրջության հանգույցի բարձր արժեքը, կարող է հանգեցնել թաղամասի հանդեպ ունեցած իրավունքի կորստի։
Այսօր, սակայն, չնայած համեմատաբար փոքր թվերին, հայերը աշխատում են պահպանել իրենց ներկայությունը Երուսաղեմում: Հայոց պատրիարքարանի Ժառանգավորաց վարժարանում սովորում է շուրջ 40 ուսանող, որոնցից շատերը Հայաստանից են: Երուսաղեմի և Բեթղեհեմի հայկական եկեղեցիներում ամենօրյա պատարագներ են մատուցվում, Հայաստանից ու սփյուռքից ուխտագնացների կայուն հոսք կա։ Դարեր շարունակ Երուսաղեմի կենտրոնական դերը հայոց կրոնական կյանքում շարունակում է կայուն մնալ։
Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի