Հունվարի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կհրապարակի հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Դիմումատուն Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանն է, որը դատարան հայց էր ներկայացրել տարիներ առաջ՝ մինչեւ նշանակումը, հաղորդում է Ա1+-ը։
Արզումանյանը դեսպան է նշանակվել 2017թ ։
Որպես արտաքին գործերի նախկին նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկում է իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը «Փողերի լվացման» հայտնի գործով։
Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր 2007թ․ մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։
Դատարանը կալանքի որոշման հիմքում դրել է հանցանքի վտանգավորության, կրկնահանցագործության եւ իրավապահներից թաքնվելու հիմքերը։
Նրա կալանքն անընդհատ երկարաձգվել է մինչև 2007թ սեպտեմբեր, որից հետո խափանման միջոցը փոխվել է Հանրապետությունից չբացայակելու ստորագրությամբ։
Ալեքսանդր Արզումանյանը համարում է, որ խախտվել են ազատության և անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքները։
2007թ․ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ «Վահան Շիրխանյանը և Ալեքսանդր Արզումանյանը գտնվել են Մոսկվայում, և համաձայնության գալով 2005 թվականից ֆինանսական զեղծարարության համար հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լևոն Մարկոսի հետ, կասկածելի ծագում ունեցող գումար են տեղափոխել Հայաստան»:
Ալեքսանդր Արզումանյանը չի ընդունել մեղադրանքը։