Վրաստանի ստորագրած համաձայնագիրը կարող է բացել Աբխազիայի ու Օսիայի ճանապարհը

Eurasianet.org կայքը հոդված է հրապարակել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները որպես առևտրային տարանցիկ ուղի օգտագործելու հնարավորությունների մասին։

2018-ից մի քանի օր անց Վրաստանն արդեն դժվարությամբ է կարողանում պահել իր նոր տարվա որոշումներից մեկը՝ համաձայնագիր, ըստ որի երրորդ երկրները արտակարգ իրավիճակների պայմաններում հնարավորություն կունենան օգտագործել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները որպես Վրաստանից Ռուսաստան առևտրային միջանցքներ:

Դեկտեմբերի 19-ին շվեյցարական SGS սերտիֆիկացման ստուգիչ-հաստատիչ ընկերության հետ ստորագրված գործարքը բանակցությունների սեղանին է եղել 2011-ից ի վեր։ Համաձայնագիրը գործում է միայն ծայրահեղ եղանակային պայմանների դեպքում, ինչպիսիք են՝ ձյան մեծաքանակ տեղումները կամ սողանքը, ինչի ետևանքով կաթվածահար է լինում Վերին Լարսում Վրաստան- Ռուսաստան միակ պաշտոնական ճանապարհը։

Չնայած առաջին հայացքից թվացյալ մի սովորական բանաձև լինելուն, այն այնուամենայնիվ, հակասական է:

Նախ, իհարկե, Վրաստանի վախն է, որ այդ համաձայնագիրը կնշանակի՝ Թբիլիսին տեղի է տվել Կրեմլին։ Այն փաստը, որ վրացական կառավարության կողմից SGS-ի հետ կնքված պայմանագրի պայմանները հրապարակված չեն, ավելի են խորացնում այդ վախերը։ Ավելին, հայկական կոնյակը Հարավային Օսիայով Ռուսաստան արտահանումը թույլ տալը կարծես թե ևս մեկ քայլ է դեպի Հարավային Օսիան անկախ պետություն ճանաչելու և/կամ Ռուսաստանի դերը այդ տարածքում օրինականացնելու հարցում:

Ի պատասխան, Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն ընդգծել է, որ ինքնահռչակ հանրապետությունների տարածքով դեպի Վրաստանի բուն տարածք կամ հակառակ ուղղությամբ բոլոր առաքումների պայմանները, ժամկետները կամ տեսակը կախված կլինեն միայն Վրաստանից:

Բողոքների երկրորդ աղբյուրը, հավանաբար, ավելի բարդ է ՝ Ադրբեջանը:

Ադրբեջանցի կառավարամետ որոշ պատգամավորներ այս համաձայնագիրը համարում են Բաքվի վաղեմի թշնամի Հայաստանի շահից բխող գործարք, որին Ադրբեջանը շրջափակման է ենթարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։

Ներկայում Վերին Լարսը Հայաստանի բեռնատար մեքենաների համար Ռուսաստան՝ Հայաստանի խոշորագույն արտահանման շուկաներից մեկին հասնելու միակ ցամաքային տարբերակն է: Քանի որ բեռնատարներով երթևեկը պարբերաբար կաթվածահար է լինում, երբ ձյունը կամ մթնոլորտային այլ աղետներ փակում են վրաց-ռուսական անցակետը, Հայաստանի կառավարությունը երկար ժամանակ համոզում էր Թբիլիսիին՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի այլընտրանքային երթուղիների օգտագործման համար:

Որպես շնորհակալություն SGS-ի հետ գործարքի համար՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին Վրաստան կատարած այցի հայտարարեց, որ Վրաստանը կարող է Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալ Հայաստանի վրայով, և կարող է օգտվել նաև Իրանի հետ ազատ առևտրի գոտուն միանալու առավելություններից:

Սակայն սա տագնապի ահազանգ է Ադրբեջանի համար, որը մինչ օրս առաջատարն էր Վրաստանի հետ տարանցիկ հարաբերություններում։

SGS-ը Ադրբեջանի համար օտար ընկերություն չէ: Ընկերության Բաքվի մասնաճյուղը նախկինում աշխատել է պետական SOCAR ընկերության հետ, իսկ ադրբեջանցի Թեյմուր Աբասովը համակարգում է SGS-ի գործունեությունը Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում:

Այնուամենայնիվ, Թբիլիսիի փաստարկը, որ SGS-ի հետ գործարքը շահավետ է ոչ միայն Հայաստանի համար, Ադրբեջանում կարծես անտեսում են։

Միևնույն ժամանակ, Բաքվի բողոքները բորբոքում են համաձայնագրի վերաբերյալ վրացական ընդդիմության քննադատությունը: «Իրականում Վրաստանի կառավարությունը համաձայնել է Ռուսաստանի հետ կապիտուլյացիոն դիրքորոշման, որը վտանգի տակ է դնում ոչ միայն մեր ռազմավարական գործընկերոջ ռազմավարական շահերը, այլև լիովին սպառնում է մեր երկրի ինքնիշխանությանը»,- հայտարարել է ընդդիմադիր Միացյալ ազգային շարժման անդամ Խաթիա Դեկանոիձեն:

Մինչ այժմ, սակայն, գործարքը մնում է անավարտ: Ռուսաստանը SGS-ի հետ պետք է ունենա իր սեփական պայմանագիրը՝ նախքան որևէ առևտրային միջանցքի բացվելը: Բանակցությունները շարունակվում են, քանի որ ռուսական կողմի պահանջները «մեզ համար անընդունելի են»,- ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանին՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու:

Պարզ չէ՝ ինչը դա կփոխի։ Միգուցե մնա մեկ այլ տարվա որոշումների ցանկում։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել