Խամենեին ասել է, թե ովքեր էին կանգնած իրանական ցույցերի հետևում

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին անդրադարձել է երկրում տեղի ունեցած վերջին ցույցերին և մեղադրանքի սլաքն ուղղել ԱՄՆ-ի, Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի ուղղությամբ։

Հունվարի 9-ին Ղոմ սուրբ քաղաքում հնչեցրած իր ուղերձում Խամենեին տարբերակում է դրել իրենց բողոքը խաղաղ ճանապարհով արտահայտողների և հանրային սեփականությունը ոչնչացնողների միջև․ «Վերջին իրադարձությունների առնչությամբ տարբեր վերլուծություններ են կատարվել: Կա հաճախ նշվող ճիշտ տեսակետ՝ առանձնացնել մարդկանց ազնիվ և օրինական պահանջները որոշակի խմբի կողմից կատարվող բռնության և վանդալիզմի դրսևորումներից: Այս երկուսը պետք է տարանջատվեն»:

Al-Monitor կայքի փոխանցմամբ՝ Խամենեին ասել է, որ հենց Միացյալ Նահանգները, Իսրայելը և Սաուդյան Արաբիան են կանգնած ցույցերի հետևում։ Նախկինում նա միայն նշել էր, որ ցույցերի հետևում կանգնած է «թշնամին», և խոստացել էր «ճիշտ ժամանակին» զբաղվել այդ հարցով:

«Սյուժեն կազմվել է ամերիկացիների ու սիոնիստների կողմից: Նրանք երկար ամիսներ ծրագրում էին փոքր քաղաքներում խռովություններ նախաձեռնել և ի վերջո շարժվել դեպի կենտրոն: Գումարները տրամադրվել են Պարսից ծոցի մոտ գտնվող հարուստ կառավարության կողմից»,- ասել է Խամենեին՝ ակնարկելով Սաուդյան Արաբիայի մասին:

«Եռանկյան երրորդ կողմը ԱՄՆ-ին ենթարկվող հենակետներից մեկն է` մահաբեր Մուջահիդին-էլ-Խալքը» (իրանական վտարանդի ռազմա-քաղաքական կազմակերպություն, որը կողմ է երկրում գործող ռեժիմի տապալմանը)։

Դեկտեմբերի 28-ին Իրանի հյուսիսարևմտյան Մաշադ քաղաքի բնակիչները դուրս եկան փողոց իրենց բողոքն արտահայտելու կառավարությանը՝ գնաճը չսանձելու անկարողության համար։ Ցույցերը, որոնք, ըստ իրանցի մի շարք պաշտոնյաների, ի սկզբանե կազմակերպվել էին նախագահ Հասան Ռոհանիի ընդդիմախոսների կողմից, արագորեն դուրս եկան վերահսկողությունից և բազմաթիվ փոքր քաղաքներում վերածվեցին ճգնաժամի։

Ուղղակիորեն հակադարձելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որը ցուցարարներին աջակցող թվիթ էր արել [մասնավորապես ասված էր՝ «Իրանցի ժողովրդի` իր կոռումպացված կառավարությանը տապալելու փորձերը հարգանքի են արժանի: Պատշաճ պահի դուք կստանանք մեծ աջակցություն Միացյալ Նահանգներից»,] Խամենեին ասել է. «ԱՄՆ նախագահն ասում է, որ Իրանի իշխանությունը սարսափում է իր իշխանությունից։ Եթե մենք այդքան սարսափած լինեինք, ապա ինչպես ձեզ Իրանից 70-ականներին, ապա նաև 2010-ին ամբողջ տարածաշրջանից դուրս շպրտեցինք։ ԱՄՆ նախագահը ասում է, որ իրանցի ժողովուրդը քաղցած է. մի՞թե չեն տեսնում ԱՄՆ-ում 50 միլիոն սովյալ ամերիկացիներին։ Իրանցիները ապրել են արժանապատիվ ու հարգալից կյանքով, և Աստծո շնորհով կլուծվեն նաև տնտեսական խնդիրները»:

Խամենեին շարունակել է. «ԱՄՆ պաշտոնյաները սկսել են անհեթեթություն խոսել։ ԱՄՆ նախագահն ասում է, որ Իրանի ղեկավարությունը վախենում է իր ժողովրդից: Ո՛չ: Իրանի իշխանությունը ծնվել է այդ մարդկանց կողմից, այդ մարդկանց համար է և հենվում է նրանց վրա: Ինչո՞ւ պետք է վախենա նրանցից: Չլինեին այդ մարդիկ, չէր լինի նաև ղեկավարությունը»:

«Միացյալ Նահանգների կառավարիչները, նախևառաջ, գիտեն, որ չեն հասել իրենց նպատակին։ Նրանք կարող են փորձել կրկնել այն, բայց գիտեն, որ երբեք չեն կարող հասնել նպատակին: Երկրորդ, նրանք այս օրերին վնասեցին մեզ, ուստի գիտեն, որ պատասխան կլինի։ Երրորդ, Սպիտակ տան ներկայիս ղեկավարը, որը թեև կարծես շատ անկայուն մարդ է, պետք է գիտակցի, որ այս ծայրահեղ և ջղաձիգ դրվագները անպատասխան չեն մնա»,- ասել է Խամենեին:

Հունվարի 2-ին Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին նույնպես մեղադրել էր Սաուդյան Արաբիային, Իսրայելին և արևմտյան մի շարք երկրների՝ Իրանի ներսում հակակառավարական ցույցեր հրահրելու և կազմակերպելու մեջ: 2017թ. դեկտեմբերի վերջին օրերին սկսված ցույցերը, որոնք ուղեկցվեցին բռնություններով, խլել են առնվազն 21 մարդու կյանք:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել