Ճըվճվ Արոյի որդուն սասանել է իշխանությունը

Ճըվճվ Արոյի՝ Արա Վարդանյանի որդին երկու ոստիկանի մահվան պատճառով վերջապես ձերբակալվել է: Ավտովթարի դեպքը աղմկահարույց էր: Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասում է, որ Արա Վարդանյանի տղաները միշտ աչքի են ընկել մեքենան վարելու բարձր արագությամբ: Հարցն այն է, թե ում մոտ է այս երկրում լավ ստացվում անպատժելիությունը:

Հանգուցյալ Արայի որդիները միշտ են եղել անպատժելի: Նրանք ճանապարհատրանսպորտային բազմաթիվ խախտումներ են կատարել և միշտ էժան են պրծել: Նրանց հայրը մահացել է անցյալ տարի իր բնակարանում: Որդիները սակայն արդեն ինքնաբավ օրինախախտներ են: ՃՈ վերջին աղմկահարույց միջադեպը ցույց տվեց, որ իրենց անպատժելիությունը միայն հոր քրեական հեղինակությունից չէր: Ամենայն հավանականությամբ, պետական մարմիններում նրանք այլ «հայրեր» ունեն: Երկու ոստիկանի մահը վերջապես մի փոքր «որբացրեց» այս տղաներին այն իմաստով, որ նրանք հիմա ճաղերի հետևում են:

Հարցերի հարցն այն է՝ ինչու՞ նրանք պետք է լինեին այդքան անպատժելի, որ վթարն արժենար երկու ոստիկանի մահ: Ինքնին հասկանալի է, որ երկու ոստիկանի մահը ենթադրում է ճաղեր: Բայց այս տղաները տարբեր դրվագներով այլ օրինախախտումներ են արել: Ու չեն կալանավորվել: Ոստիկանների մահը (ցավում եմ) նրանց կալանավայր արժեցավ: Սա նման է վրեժի: Այսինքն, ոչ թե օրենքն է իր խոսքն ասում, այլ վրեժը: Ոստիկանները մի անգամ արդեն աչքի են ընկել այսպիսի վրեժով: Նրանք դատարանի դահլիճում ծեծեցին երեք ոստիկանի մահվան պատճառ դարձած «Սասնա ծռերի» տղաներին ու ոչ ոք դրա համար պատասխան չտվեց:

Ի՞նչ է տեղի ունենում: Ըստ էության արտառոց ոչինչ: Հանցագործություն կատարելու մեխանիզմը պարզ է: Նախ պետք է լինես քրեական հեղինակություն կամ իշխանությանը մերձ մարդ: Քեզ թույլատրվում է ամեն ինչ: Ընդհուպ՝ վրիժառություն: Խանգարող ոչ մի հանգամանք չկա: Անպատժելիության բոլոր դերերը բաշխված են: Չի կարելի միայն նեղացնել «մերձավորին», այսինքն, իշխանությանը: Որովհետև դու հենասյուն ես քանդում: Իսկ քանդված հենասյունով իշխանությունը խոցելի է: Քանի՞ հանցագործություն մարսեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին: Առ այսօր ի՜նչ ապօրինություններ են մարսում Խոսրով կամ Գագիկ Հարությունյանների որդիները: Նրանք փոխարենը ոչնչով չեն վտանգում իշխանությանը: Նույնիսկ հանցանքի աղմկահարույց լինելը չի խանգարում անպատժելիությանը: Հրազդանի քաղաքապետի որդին վրաերթի ենթարկեց Հրազդանի 58-ամյա բնակչին, որը մահացավ: Իսկ տղային Սերժ Սարգսյանը պարգևատրեց ինչ-որ մեդալով: Հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին նույնպես մարսել էր մարդ առևանգելու հանցանքը, որովհետև առևանգածն ի՞նչ էր՝ մարդ:

Ըստ էության ամբողջ իշխանությունը գիտի խաղի այսպիսի կանոնները: Եվ ըստ էության, ամբողջ իշխանությունն է այս կամ այն չափով թաթախված հանցագործության մեջ՝ պետության հանդեպ հանցանքից սկսած մինչև շարքային որևէ, նույնիսկ անանուն քաղաքացու հանդեպ հանցանք: Ամեն ինչ թույալտրելի է, քանի դեռ իշխանության հանցանքն ուղղված չէ իշխանության դեմ: Միակ պատժելի արարքը դա է: Ահա ինչու, քրեական հեղինակության որդիների պատասխան տալու պահը հասունացել է, համակարգը ոչ թե իր ուսադիրներն է պաշտպանում, համակարգը պաշտպանում է իշխանության ներկայացուցչի պատիվը: Ըստ էության, խոսքն այն մասին է, որ հանցագործության մենաշնորհը ոչնչով չի զիջում օլիգարխներին վերապահված մենաշնորհին: Դուք նկատե՞լ եք, որ որևէ օլիգարխ մտնի մյուսի «բաղերը»: Դա ոստիկան սպանելու նման բան է, ստիպված կլինի պատասխան տալ:

Մեկնաբանել