Սերժ Սարգսյանը հանձնարարել է «մեղմել» թանկացումների հետևանքները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների «հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով»: Ինչպես փոխանցում է նախագահականի մամուլի ծառայությունը, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

«Սերժ Սարգսյանը պահանջել է գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի ներկայացնել լուծումներ` ուղղված գների բարձրացման հետևանքների մեղմմանը և հանրությանը մշտապես տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին»,- ասված է հաղորդագրությունում:

«Ակնհայտ է, որ Հայաստանում շուկայական հարաբերություններ են գործում, և պետությունը չի միջամտում գնագոյացման պրոցեսներին, բայց մենք նախ պարտավորություն ունենք միջավայր ձևավորելու՝ մրցակցային միջավայր, որը երևի հիմնական գործոններից մեկն է գների արդարացի կարգավորման գործում: Երկրորդ՝ մենք ունենք ամբողջական գործիքակազմ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեությունը ուսումնասիրելու: Եվ երրորդ՝ մենք ունենք բազմաթիվ լծակներ պարզելու, թե շուկաներում տատանումներն իրոք օբյեկտիվ գործընթացների արդյունք են, թե տնտեսավարողների ագահության պատճառ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի խոսքով՝ պետական մարմինների պարտավորությունն է «մշտապես հանրությանը տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին»:

«Եվ չբավարարվենք միայն նրանով, որ մի փոխնախարար մի օր ասել է, թե որն է այս կամ այն ապրանքի թանկացման պատճառը: Բոլորս՝ այստեղ նստած բոլորս, պարտավոր ենք մշտապես հանրությանը տեղեկացնել այդ պրոցեսների մասին: Վստահ եմ, որ մարդիկ կտեսնեն՝ մեր ասածները օբյեկտիվ են, թե օբյեկտիվ չեն: Ընդ որում՝ այս բացատրությունները ներկայացնելուն զուգահեռ մշտապես պետք է կանխատեսումներ անել, և մեզնից յուրաքանչյուրն իր կանխատեսումների համար էլ պատասխանատու է: Նրանք, ովքեր պատասխանատու են գնաճի համար Հայաստանում, այո՛, պետք է մշտապես կանխատեսում անեն և հավաստիացնեն բոլորին, որ պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները կատարվելու են, որ, այո՛, մի ապրանքատեսակ թանկացել է, մի ծառայություն էժանացել է: Երբ որ մենք դա չենք անում, այս բացը լրացնում են ուրիշները: Եվ շատ-շատերը, որոշ դեպքերում մասնագիտական ունակությունների, մյուսները տեղեկատվության պակասի պատճառով, երրորդները այլ հանգամանքներով պայմանավորված, փորձում են ինչ-որ կերպ իրավիճակը լարել: Նորից եմ կրկնում՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ այստեղ նստածներս, իրավունք ունենք ամբողջական պատճառների մասին ստույգ տեղեկատվություն ունենալու»,- ասել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքով՝ «եթե իրոք որոշ ապրանքատեսակների թանկացումներն ունեն օբյեկտիվ պատճառներ, ապա պետք է մտածել, թե ինչպես պետք է մեղմել այդ հետևանքները»:

«Ես հիմա չեմ ուզում դեղատոմս առաջարկել, բայց օրինակ եմ ուզում բերել. մենք տարիներ ի վեր սուբսիդավորել ենք դիզվառելիքի ձեռքբերման գները գյուղացիական տնտեսությունների կողմից: Խնդրեմ, սա կարծում եմ, շատ նորմալ գործիք է, և պետք է շարունակել օգտագործել, բայց սա պարտադրանք չէ»,- նշել է ՀՀ ղեկավարը:

***

Աճել են սպիրտային խմիչքների, գարեջրի, գինու, ծխախոտի, բենզինի, դիզելային վառելիքի, սեղմված գազի գնի, նավթամթերքի ու քսայուղերի գները: Գնաճը պայմանավորված է հարկային օրենսգրքի այն փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել հունվարի 1-ից:

Թանկացումների վերաբերյալ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պարզաբանումը՝ այստեղ։

Մեկնաբանել