ԱԱԾ-ում շարունակում է աշխատել նախկին ՊԱԿ-ի 60 աշխատակից․ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Ներկայում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) շարունակում է աշխատել նախկին Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) 60 աշխատակից․ այս մասին հայտնել է ԱԱԾ վարչության պետը՝ պատասխանելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ դեկտեմբերի 21-ի հարցմանը, որը վերաբերում էր ԱԱԾ կառուցվածքին և ԱԱԾ-ում աշխատող նախկին ՊԱԿ աշխատակիցների թվաքանակին ու նրանց տրվող կենսաթոշակներին։

Ինչպես ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդագրությունում, ԱԱԾ վարչության պետը հայտնել է, որ 1992-ից նախկին ՊԱԿ 288 աշխատակից շարունակել են աշխատել ԱԱԾ-ում մինչև թոշակի անցնելը: Այժմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում շարունակում են աշխատել նախկին ՊԱԿ 60 աշխատակից: Ինչ վերաբերում է նախկին ՊԱԿ աշխատակիցների կենսաթոշակների չափին, Ա. Ավետիսյանը նշել է, որ ինչպես նրանց, այնպես էլ ՀՀ ԱԱԾ համակարգի մյուս ծառայողների կենսաթոշակի չափը սահմանվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն: ԱԱԾ կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը, սակայն, ԱԱԾ վարչության պետ Ա. Ավետիսյանը պետական գաղտնիք է համարել և հրաժարվել տրամադրել այն:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը չտրամադրված տեղեկատվությունն ստանալու պահանջով կդիմի դատարան:

Մեկնաբանել