Հայաստան-Ադրբեջան սահմաններն ու «սահմանադռները»

Անմիջական չորս հարևանների շարքում Հայաստանը ամենաերկար սահմանն ունի Ադրբեջանի հետ: Այդ սահմանի երկարությունը այսօր դժվար է ճշգրտորեն նշել, քանի որ քաղաքական քարտեզի վրա պատերազմի հետևանքով բազմաթիվ փոփոխություններ են կատարվել: Աշխարհագրական հնարավորություններից օգտվելով, որոշ դեպքերում հայկական կողմն է դիրքեր բռնել նախկին Խորհրդային Ադրբեջանի տարածքում, որոշ դեպքերում՝ ադրբեջանական կողմն է նույնն արել Խորհրդային Հայաստանի տարածքում:

Հայ-ադրբեջանական սահմանը, անշուշտ պայմանականորեն, կարել է երեք հարթության բաժանել.

1. Հայաստան-Ադրբեջան պետական սահման հայ-վրաց-ադրբեջանական եռանկյունուց մինչև Սոթք, մինչև Հայաստան-Արցախ-Ադրբեջան եռանկյունի:

2. Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Նախիջևանի հատված, որը սկսվում է Երասխավանում՝ հայ-թուրք-ադրբեջանական եռանկյունուց և ձգվում մինչև Կարճևան՝ Արաքսի ափ:

3. Արցախ-Ադրբեջան սահման, որը պաշտոնապես և միջազգային բառապաշարով կոչվում է շփման գիծ. այն սկսվում է Սոթքից՝ Հայաստան-Արցախ-Ադրբեջան եռանկյունուց և հասնում մինչև Հորադիս՝ Արաքսի ափ՝ Արցախ-Իրան-Ադրբեջան եռանկյունի:

Խորհրդային Միությունում, որին մաս էին կազմում նաև Խորհրդային Հայաստանն ու Խորհրդային Ադրբեջանը, քաղաքացիների համար սահմաններ, ըստ էության, գոյություն չունեին: Չկային նաև սահմանապահներ հանրապետությունների վարչական սահմաններին: Կարող էիր Իջևանից անցնել Ղազախ, Երասխավանից՝ Սադարակ, Մեղրիից՝ Նախիջևան:

Երևանի ավտոմոբիլային և երկաթուղային կապը Մեղրիի հետ իրականացվում էր գրեթե բացառապես Նախիջևանի տարածքով, Երևան-Թբիլիսի ավտոբուսը Իջևանից անցնում էր Ղազախ, ապա հասնում Վրաստանի մայրաքաղաք: Երևան-Կապան գնացքը Արաքսի ափով մտնում էր Նախիջևանի տարածք՝ Խորհրդային Ադրբեջան, ապա՝ Մեղրի, այստեղից կրկին մտնում Խորհրդային Ադրբեջան և թեքվում դեպի Կապան:

Այսօր, երբ Արցախյան հակամարտության պատճառով փակ են, ավելի ճիշտ՝ ականապատ են հայ-ադրբեջանական սահմանները, իրատեսական չէ խոսել Հայաստան-Ադրբեջան սահմանային համագործակցության մասին, առաջին հերթին՝ տնտեսական ոլորտում: Հայ պաշտոնյաները ժամանակին հայտարարում էին, որ հայ-ադրբեջանական տնտեսական համագործակցությունը և հաղորդակցությունների՝ ավտոճանապարհների և երկաթուղու վերաբացումը միայն օգտակար կլինի Արցախյան կարգավորման համար: Ադրբեջանցիները հակադարձում էին՝ քանի դեռ Արցախյան հակամարտությունը չի կարգավորվել, խոսք չի կարող լինել որևէ համագործակցության մասին:

Անշուշտ, բաց սահմաններն ավելի լավ են, քան փակ սահմանները: Բայց եթե անգամ լուծում գտնվի, և հայ-ադրբեջանական սահմանները բացվեն, ապա այդ սահմանները նման չեն լինելու խորհրդային ժամանակներին, երբ Բերդավան գյուղի բնակիչը կարող էր օրվա ուզած ժամին անցնել հարևան Քամառլու և խանգալ (ադրբեջանական ուտելիք) ուտել իր ու իր պապի ծանոթ ադրբեջանցու հետ: Կամ Ալիբեյլի գյուղի բնակիչը չի կարող, ինչպես խորհրդային ժամանակներում, անցնել Այգեպար և տեղի ճաշարանում գարեջուր խմել իր հայ ծանոթների հետ:

Եթե անգամ խաղաղությունը գա, և սահմանները բացվեն, ապա դրանք նման են լինելու, դիցուք, Հայաստան-Վրաստան սահմանին, որի վրա կա գործող երեք սահմանադռուռ: Նույնը լինելու է Հայաստան-Ադրբեջան սահմանի դեպքում: Կլինեն մի քանի սահմանադռներ, ենթադրաբար՝ Իջևան-Ղազախ, Բերդ-Թովուզ, Երասխավան-Սադարակ ու էլի մի քանի հատվածներում:

Գործի բերումով հաճախ եմ լինում հայ-ադրբեջանական սահմաններում, շատ եմ շրջում սահմանային գյուղերում, զրուցում հասարակ քաղաքացիների հետ: Մի մասը ջերմությամբ է հիշում խորհրդային ժամանակները, սակայն միանգամից ավելացնում, որ այդ օրերը այլևս հետ չեն գա: Կան մարդիկ, ովքեր խաղաղություն են ուզում, քանի որ խաղաղությունը հնարավորություն կտա անվտանգ մշակել հողն ու կրկին առևտրի մեջ մտնել հարևան գյուղի ադրբեջանցիների հետ:

Խաղաղ ապրելու, հարևանների հետ առևտուր անելու և շփվելու մարդկանց ցանկությունները բնական են, սակայն, եթե անգամ խաղաղությունը գա, ապա շփումներն առաջվանը չեն լինի:

Մեկնաբանել