Կառլես Պուչդեմոն. Կատալոնիային ոչ ոք չի կարող լռեցնել

«Իսպանիայի կառավարության` կատալոնացի ժողովրդի ձայնը ճնշելու փորձը ձախողվել է», – գրում է Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը ամերիկյան Politico հանդեսի բրյուսելյան հրատարակությունում։ «Անցյալ ամիս Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անկախությանը կողմ կուսակցությունները ստացան իրենց պատմության մեջ ամենամեծ աջակցությունը։Հօգուտ անկախության քվեները 113 000-ով ավելի էին, քան նախորդ՝ 2015-ի խորհրդարանական ընտրություններում և 35 000-ով ավելի, քան հոկտեմբերի 1-ի անկախության հանրաքվեի ժամանակ: Ավելին, Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններին գրանցվեց ընտրությունների ռեկորդային մասնակցություն»,- գրում է Պուչդեմոնը:

«Վերջնական հաշվարկը ցույց է տալիս, որ անկախության օգտին եղել է 2 079 340 քվե (սա գրեթե 180 000-ով ավելի է կոնստիտուցիոնալիստների դաշինքի հավաքած քվեներից)։ Ոչ միայն հաղթահարվել է 2 միլիոն ձայնի շեմը, այլև ամրապնդվել և շարունակվում են աճել անկախության տրամադրությունները»- շարունակում է Կատալոնիայի նախկին ղեկավարը:

«Ես ուզում եմ ընդգծել այդ թվերը, քանի որ դրանց և ոչ թե քարոզչության վրա պետք է հիմնավորվի սեփական կարծիքը, և կայացվեն որոշումներ»,- գրում է քաղաքական գործիչը: «Արդյունքները լիովին հերքում են իսպանական կառավարության այն թեզը, որ անկախության աջակցությունն անկում է ապրում (ճիշտ չէ), և անկախության կողմնակիցները փոքրամասնություն են կազմում (ճիշտ չէ)»:

«Ընտրություններից գրեթե երեք շաբաթ անց Իսպանիայի կառավարությունը չի ցանկանում ընդունել դրա արդյունքները և ընդունել իր ռեպրեսիվ ռազմավարության պարտությունը,- ասում է Պուչդեմոնը:- Այն ուժի մեջ է թողել ինքնավարության կասեցումը, կատալոնական կառավարության վտարումն ու մեր ինքնիշխանությանը լիակատար միջամտությունը»:

«Եվրոպական ղեկավարներից ոմանք կարող են շարունակել լռել Իսպանիայի կառավարության առջև, որը ակնհայտորեն չի ճանաչում ընտրությունների արդյունքները: Մենք այլևս չենք զարմանում, բայց հիասթափված ենք: Անվերապահ աջակցությունն Իսպանիայի կառավարությանը չի օգնում լուծելու այն խնդիրը, որն իրական է, էսկալացիայի փուլում է և չի լուծվի մահակների օգտագործմամբ, բանտարկություններով, վտարումներով ու արգելքներով»:

Պետք է Մադրիդին հասկացնել, որ անհրաժեշտ է բանակցություն և ապագա հարաբերությունների վերաբերյալ համաձայնություն, որը մենք, կատալոնացիներս, ցանկանում ենք ունենալ Իսպանիայի հետ։ Հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն հարգանքի, ճանաչման, համագործակցության և հավասարության վրա»,- եզրակացնում է Պուչդեմոնը:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի