Իրանը կոչ է անում պահպանել վեց տերությունների հետ կնքված համաձայնությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը միջազգային համագործակցության կոչ է արել՝ փրկելու Իրանի և վեց տերությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) 2015թ․ կնքած «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը», որը վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին:

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ, Զարիֆն այս մասին հայտարարել է Մոսկվայում իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը․ «Մենք, դուք և «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի» մյուս բոլոր անդամները պետք է սերտորեն համագործակցենք և հետամուտ լինենք այս նպատակի իրագործմանը»։

Նա վերահաստատել է Իրանի հանձնառությունը «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին» և նշել, որ ցավոք, վեց պետություններից մեկը (ԱՄՆ-ը) նվիրված չէ իր պարտավորություններին և ապակառուցողական քաղաքականություն է վարում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում չեղարկելու է Իրանի հետ կնքված համաձայնագիրը։

Այժմ Սպիտակ տունը մոտենում է վճռական վերջնաժամկետների և շուտով ստիպված պետք է լինի Իրանի հետ կապված մի շարք որոշումներ կայացնել: Առաջին վերջնաժամկետը 2018 թ. հունվարի 11-ն է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է որոշում կայացնի՝ արդյոք, իր կարծիքով, Իրանը կատարում է 2015թ. Իրանի և վեց տերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

Երկրորդ վերջնաժամկետը հունվարի 12-17-ի միջակայքում է: ԱՄՆ նախագահը պետք է որոշի՝ վերահաստատե՞լ Իրանի դեմ ամերիկյան որոշակի պատժամիջոցների չեղարկումը, թե՞ ոչ (այդ թվում՝ նավթի արտահանման հետ կապված պատժամիջոցները):

Կարդացե՛ք՝ Թրամփն Իրանի հարցով որոշում կայացնելու վերջնաժամկետի շեմին է

Խամենեին ասել է, թե ովքեր էին կանգնած իրանական ցույցերի հետևում

Զառա Պողոսյան

Մեկնաբանել