Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների նոր հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին, այս փուլում դժվար է խոսել բանակցությունների առաջընթացի մասին․ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
«Առաջընթացի մասին խոսելը դժվար է, որովհետև կողմերի միջև չկա վստահության մթնոլորտ: Այն իսպառ բացակայում է: Բոլորս տարբեր հայտարարությունների ականատես եղանք, որոնք համահունչ են Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորշումներին առ այն, որ անհրաժեշտ է ներդնել այն մեխանիզմները, որոնց պայմաններում կձևավորվի այդ մթնոլորտը», – նկատել է նա:
Քոչարյանն ընդգծել է, որ հանդիպումներն ուղղված են նրան, որ շփման գծում նվազեցվի լարվածությունը:
«Էլի կորուստներ ունենք, էլի կրակոցներ կան, բայց այնուամենայնիվ նպանատիպ հանդիպումները նպաստում են, որպեսզի իջնի այդ լարվածության մակարդակը», – ասել է նա:
Շավարշ Քոչարյանը տեղեկացրել է, որ Մամեդյարովի և Նալբանդյանի հավանական հանդիպման հստակ օրվա և տեղի մասին ԱԳՆ-ն այս պահին չի կարող տեղեկատվություն տրամադրել՝ նշելով, միայն, որ հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին: