«Նաիրիտ»-ում հրդեհի փաստով քրեական գործը կարճվել է, Երևանի դատախազը դիմել է նախարարներին

Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրությամբ դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին՝ քննարկման առարկա դարձնելու «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությունում արձանագրված խախտումները, դրանք ծնող պատճառները և համապատասխան միջոցներ ձեռնարկել առկա քիմիական նյութերի ու սարքավորումների անվտանգ պահպանության գործում կատարվող աշխատանքների արդյունավետության ուղղությամբ։

Օգոստոսի 28-ին «Նաիրիտ գործարան»-ում դյուրավառ նյութերի պահեստարաններում առաջացել էր հրդեհ, հարուցվել էր քրեական գործ։ Դատախազությունը տեղեկացնում է, որ նախաքննության արդյունքում վարույթն իրականացնող մարմինը, հաստատված համարելով, որ դյուրավառ նյութի պահպանման կանոնները խախտելու հետևանքով առաջացած հրդեհը «ծանր հետևանքների չի հանգեցրել», 2017թ. նոյեմբերի 30-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։

«Սակայն քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է այդ աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքը»,- նշվում է հաղորդագրությունում։

Դատախազությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրությամբ դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին՝ քննարկման առարկա դարձնելու արձանագրված խախտումները, դրանք ծնող պատճառները և միջոցներ ձեռնարկել «Նաիրիտ գործարան»-ում առկա քիմիական նյութերի ու սարքավորումների անվտանգ պահպանության գործում ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, հետագայում հնարավոր ծանր հետևանքներից խուսափելու նկատառումներով նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ և արդյունքների մասին հայտնել Երևան քաղաքի դատախազությանը:

Մեկնաբանել