Ազգային ժողովը դատապարտեց 2014թ․ Իրաքում եզդիների նկատմամբ ցեղասպանությունը

Հունվարի 16-ին Ազգային ժողովը (ԱԺ) 91 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014թ. իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը։ Փաստաթուղթը հեղինակել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ռուստամ Մախմուդյանը և Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», ՀՀ ԱԺ «Ծառուկյան», ՀՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունները։

Ինչպես փոխանցում է Ազգային ժողովի կայքը, նախագծով «խստորեն դատապարտվում են ահաբեկչության բոլոր դրսևորումները և ծայրահեղական գաղափարախոսությունը, ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ, ազգային, քաղաքական կամ կրոնական պատկանելությամբ պայմանավորված թիրախավորված գործողությունները»:

Նախագծի քննարկման ժամանակ Ռուստամ Մախմուդյանը նշել է, որ 2014թ. իրականացվել են հարձակումներ եզդիներով բնակեցված Սինջար քաղաքի վրա (Իրաքի հյուսիս), որտեղ սպանվել է ավելի քան երեք հազար մարդ, երկու հարյուր հազար եզդի դարձել է փախստական, առևանգվել է մոտ հինգ հազար կին ու աղջիկ: Վերջիններիս կյանքի պահպանման նախապայման է եղել իսլամի ընդունումը: Պատգամավորի խոսքով՝ եզդիների նկատմամբ կատարվածը դատապարտելու, դրանք ցեղասպանություն որակելու ուղղությամբ արձագանքել ու իրենց կոշտ գնահատականներն են տվել մի շարք պետություններ և միջազգային հեղինակավոր կազմակերպություններ:

Ըստ հիմնական զեկուցողի՝ եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանության դատապարտմանը ՀՀ Ազգային ժողովը նոր չէ, որ անդրադառնում է. դեռևս հինգերորդ գումարման ընթացքում մի շարք պատգամավորների նախաձեռնությամբ նույնպես շրջանառության մեջ դրված է եղել համանման նախագիծ, իսկ այսօր քննարկվող նախագծին օրեր առաջ միացել են ՀՀ ԱԺ քաղաքական բոլոր չորս խմբակցությունները:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշտոյանը շեշտել է, որ  խնդիրները, որոնք արտահայտված են հայտարարության նախագծում, նախևառաջ մարդասիրական ու համամարդկային են: Համահեղինակի խոսքով՝ քննարկվող հարցի շուրջ համախմբվել են խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերը՝ հաշվի առնելով երեք կարևոր հանգամանք. «հայերը՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, գիտակցում են այդ վիշտը, ՀՀ տարածքում որպես լիիրավ քաղաքացիներ՝ ապրում են հազարավոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, այդ թվում նաև եզդիներ և նրանց նկատմամբ կատարված քաղաքական, պատմական, ռազմական անարդարությունն ու ոճրագործությունը պետք է հստակ գնահատական ստանան»: 

Կարդացեք՝ Ֆրանսիայի Սենատը ճանաչեց եզդիների ցեղասպանությունը։