Ամփոփվել է Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը

Հունվարի 17-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ 2015 թ-ին Արևելյան գործընկերության վեց երկրներում` Հայաստանում, Բելառուսում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում մեկնարկած՝ Եվրոպական Միության Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի փակման արարողությունը:

Փակման արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

Ծրագիրն ուղղված էր մշակութային և ստեղծարարության ճյուղերի զարգացմանը, գործնական հետազոտությունների, ռազմավարությունների ու բարեփոխումների իրականացմանը, մշակութային ոլորտի արդիականացմանը, միջազգային համագործակցության հնարավորությունների օգտագործմանը և մշակույթի դերի ընկալման բարձրացմանը։

Հայաստանում ծրագրի հիմնական արդյունքները

– 2017թ. տեղի ունեցավ «Ստեղծարար Հայաստան» ֆորումը։
– Տեղի ունեցավ «Ստեղծարար Հայաստան» բիզնես առաջնությունը, որը ստեղծարար նախագծերի զարգացման երկօրյա սեմինար էր 122 մասնակիցներով։
– «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը ստեղծեց 15 առցանց դասընթացներ, որոնք հասանելի են հայերեն լեզվով։
– Ծրագիրը ֆինանսավորել է 3 հետազոտություն և 3 քաղաքականության ամփոփագիր, որոնք նվիրված են Հայաստանի մշակութային ու ստեղծարար ոլորտներին։
– Ծրագրի շրջանակներում թարգմանվել ու հրատարակվել են Փեթեր Լենիի «Մշակութային տարածքների դիզայնի ուղեցույցը» և Դեյվիդ Փերիշի «Կոստյումներ և մարզաշապիկներ» գիրքը:

Գործիքներ

«Մշակույթը զարգացման համար» ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցանիշների հետազոտության տվյալներով՝ մշակույթի և ստեղծարար ոլորտների ներդրումը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է 3,3%։ Այս և այլ փաստեր են ներկայացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեթոդաբանությամբ արված հետազոտության մեջ։

Ստեղծարար քաղաքներ և մարզեր նախագծին Հայաստանից ներկայացվել են 15 հայտ, իսկ Արևելյան գործընկերության ընտրված վեց քաղաքներից Սիսիանը ընտրվեց որպես պիլոտային քաղաք։ Քաղաքները կարող են տեղեկանալ, թե ինչպես կարելի է օգտագործել իրենց ստեղծագործական ներուժը` ծանոթանալով այս հաշվետվությանը:

Քաղաքականության ամփոփագրերը, տուրիզմի զարգացման թվային հարթակների ու կրթության և մշակույթի համագործակցության վերաբերյալ, պատրաստել են երիտասարդ մշակութային մենեջերները: Լավագույն 12 մասնակիցներն անցել են ToT վերապատրաստում Մոլդովայում:

Կայքի հնարավորությունները, ներառյալ 15 առցանց դասընթացները, մշակույթի տնտեսական և սոցիալական կարևորության մասին փաստերն ու վիճակագրությունը, ինչպես նաև՝ ֆինանսավորման աղբյուրների, գործընկերների և կրթական հնարավորությունների 500 օգտակար ռեսուրսները, հասանելի են լինելու նաև Ծրագրի ավարտից հետո։

Մշակույթի և ստեղծարարության ոլորտի վեց կազմակերպությունների ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան մասնակցել Ստեղծարար Եվրոպա ուսումնական այցին` Սլովենիայում և Չեխիայում, որի շրջանակում համագործակցության նոր ուղիներ ստեղծեցին Եվրոպական միության մի շարք կազմակերպությունների հետ: Եվս երկու կազմակերպություն մասնակցեց Լեհաստանում անցկացվող ուսումնական այցին:

Երեք տարվա ընթացում Ծրագիրը կազմակերպել է 252 միջոցառում, հրապարակել է 870 հոդված և ավելի քան 30 հազար բաժանորդ ունի իր Ֆեյսբուքի էջում։ Վերջին երեք տարիներին մասնակից երկրներում մշակութային քաղաքականության վերաբերյալ քննարկումների ու նախաձեռնությունների քանակը աճել է 20%-ով։

Մեկնաբանել