Մշակվում է օրինագիծ, որով կարգելվի գենետիկորեն մոդիֆիկացված սերմերի ներմուծումը

Գյուղատնտեսության նախարարությունը մշակում է օրինագիծ, որով կարող է արգելվել գենետիկորեն մոդիֆիկացված (ԳՄՕ) սերմերի ներմուծումը Հայաստան, այս մասին հայտարարել է Գյուղնախարարության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության տնօրեն Իշխան Կարապետյանը։

Նա նաև նշել է, որ այս պահին ԳՄՕ սերմերի ներկրման սահմանափակում չկա։ Առաջիկայում խորհրդարանում այս թեմայով առողջապահության ու գյուղնախարարության ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ լսումներ են կայանալու։

Խստացվելու է նաև ԳՄՕ պարունակող սննդի մակնշման կարգը։

Անցյալ տարվա նոյեմբերի 1-ին Երևանում տեղի էր ունեցել մի միջոցառում, որի ընթացքում ներկայացվել էր ամերիկյան «Մոնսանտո» ընկերության արտադրանքը։ Միջոցառման կազմակերպմանն արձագանքել էր աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ Հայաստանին կոչ անելով հեռու մնալ «Մոնսանտո» ընկերության արտադրանքից։ Թանկյանը հայտարարել էր, որ այդ ընկերության արտադրանքը խորհրդանշում է օրգանական սննդի վերջը ու որ ««Մոնսանտոն» չարիքի կորպորացիա է»։

Ավելի ուշ Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանը չի համագործակցում «Մոնսանտոյի» հետ։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել