Լոնդոնից՝ Լոնդոն. վարչապետ Արմեն Սարգսյանի արտասահմանյան այցերը

Հայաստանի հավանական 4-րդ նախագահ, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը պաշտոնավարության 4 ամիսների ընթացքում հասցրեց արտասահմանյան մի քանի այցելություններ ունենալ՝ երկու անգամ Մեծ Բրիտանիա, որտեղից չվերադարձավ, երկու անգամ՝ Ռուսաստան, մեկական անգամ Միացյալ Նահանգներ և Արցախ։

1996-ի դեկտեմբերի 5-ից 12-ը Արմեն Սարգսյանը ոչ պաշտոնական այցով մեկնեց Լոնդոն, որտեղ դեռ շաբաթներ առաջ Հայաստանի դեսպանն էր։ Նույն օրը նա հանդիպումներ ունեցավ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի պետնախարար Նիկոլաս Բոնսորի և առևտրի ու արտադրության պետնախարար Էնթընի Նելսոնի հետ։

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ նրա, որպես դեսպան, հրաժեշտի ընդունելությունը, որին բրիտանական կառավարական ներկայացուցիչներից, օտարերկրյա դիվանագետներից ու տեղի հայ համայնքի անդամներից բացի ներկա էր նաև Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը, այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Դեկտեմբերի 7-ին վարչապետը աշխատանքային հանդիպումներ ունեցավ միջազգային ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց քաջալերելով ներդրումներ կատարել Հայաստանում։

Նույն օրը երեկոյան վարչապետի պատվին Մեծ Բրիտանիայի կառավարական և դիվանագիտական շրջանակների կողմից տրվեց ընդունելություն, որին հրավիրված էր նաև աշխարհահռչակ օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոն։

Մեկշաբաթյա այցի ընթացքում վարչապետը հանդիպեց նաև ՀԲԸՄ նախագահ Լուիզ Սիմոն Մանուկյանի, լոնդոնահայ գործարար շրջանակների հետ, Սուրբ Պետրոս եկեղեցում ելույթ ունեցավ լոնդոնահայության առաջ։

Դեկտեմբերի 27-ին Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով մեկնեց Մոսկվա, բնական համարելով, որ առաջին պաշտոնական այցը կատարում է հենց Ռուսաստան։ Վերադառնալով Երևան՝ նա մամուլի ասուլիսում ապշեցնող երկու հայտարարություն արեց։ Վարչապետ Սարգսյանը նշեց, որ Ռուսաստանը քննարկում է Թուրքիայի տարածքով դեպի հարավ գազամուղ կառուցելու հարցը, իսկ իր այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գազամուղն անցնելու է Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Թուրքիա գծով։ Վարչապետը նկատեց, որ դա կարևոր քայլ է, որն ունի նաև քաղաքական արժեք, քանի որ կնշանակի շրջափակման հաղթահարում։

Մոսկվայում, ասաց վարչապետը, քննարկվել է նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային կապը վերականգնելու հարցը։ Բանակցությունների ընթացքում համոզմունք է հայտնվել, որ երկաթուղի կգործարկվի արդեն 1997-ին։

1997-ի առաջին օրերին վարչապետ Սարգսյանը Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցություններ վարելու նպատակով աշխատանքային մեկշաբաթյա այցով մեկնեց ԱՄՆ։ Բացի բանկային և գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումներից, Սարգսյանը շփումներ ունեցավ ԱՄՆ սենատորների և ամերիկյան վարչակազմի անդամների հետ, որոնց թվում՝ կոնգրեսականներ Ջոն Քերրին և Նենսի Փելոսին։

Այցի ընթացքում նա նաև եղավ ԱՄՆ Արևմտյան ափում՝ Լոս Անջելես, որտեղ հայության հետ հանդիպմանը ներկա էր ԱԺ պատգամավոր Պարույր Հայրիկյանը։

Հունվարի 15-ին վարչապետի պատվիրակությունը Նյու Յորքից մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։

Հունվարի 17-ին Սարգսյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի և Թուրքմենստանի փոխվարչապետի հետ։ Հաջորդ օրը Հայաստանի վարչապետը այցելեց «Գազպրոմ», հանդիպեց նրա նախագահ Ռեմ Վյախիրևի հետ։ Այստեղ նույնպես քննարկվեց Ռուսաստանից Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա գազատար կառուցելու հարցը։ «Գազպրոմ»-ում տեղի ունեցավ Հայաստանի կառավարության և ռուսական հսկայի միջև համաձայնագրի ստորագրումը «Հայգազարդ» պետական ձեռնարկության և «Գազպրոմի» մասնակցությամբ Հայաստանում համատեղ բաժնետիրական ընկերություն հիմնելու մասին։

Հունվարի 20-ին Արմեն Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Արցախ։ Նա հանդիպումներ ունեցավ Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ապա ԼՂ կառավարության անդամների հետ։ Սարգսյանը այցելեց նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղը, որտեղից սերում է իր հոր մայրական կողմը։ «Սա դարձ է իմ նախնիների հող»,- ասաց նա։

Փետրվարի առաջին օրերին Սարգսյանը մեկնեց Լոնդոն՝ շնչափողի վիրահատության, իսկ մեկ ամիս անց հրաժարական տվեց և Մեծ Բրիտանիայից չվերադարձավ Հայաստան, իսկ 15 տարի անց դարձյալ նշանակվեց ՀՀ դեսպան։

Մեկնաբանել