Սամվել Բաբայանը «Իգլայի» համար 50 000 դոլար չի տվել․ գործը Վերաքննիչում է

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը գտնում է, որ Լեռնային Բաբայանին անհիմն են դատապարտել ազատազրկման։ Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց «Իգլայի» գործով բողոքի քննությունը։

Ավետիս Քալաշյանը դատարանում հայտարարեց, որ առաջին ատյանի դատարանի հետևությունները չեն համապատասխանում դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներին․ «Մեղադրանքը դատաքննության ընթացքում չի ապացուցվել, դատարանը խախտել է անմեղության կանխավարկածը և չփարատված փաստարկները չի մեկնաբանել Սամվել Բաբայանի օգտին։ Պաշտպանական կողմի բերած փաստարկները անտեսվել են»,- ասաց փաստաբանը։

Պաշտպանն անդրադարձավ առաջադրված երկու մեղադրանքներին։ Բաբայանը մեղավոր է ճանաչվել ռազմամթերքի ապօրինի շրջանառության և փողերի լվացման համար։

Ըստ դատավճռի՝ Սամվել Բաբայանը գործով անցնող երկու անձանց դրդել է ապօրինի կերպով ձեռք բերել ռազմամթերք։ Վճռի այս հատվածը մեջբերելով՝ պաշտպանն ասաց, որ մեղադրանքում որևէ նշում չկա այդ մասին, ուստի, ըստ փաստաբանի, առաջին ատյանի դատարանը դուրս է եկել առաջադրված մեղադրանքի սահմաններից։

Այդուհանդերձ, եթե անգամ Սամվել Բաբայանը մյուս ամբաստանյալներին դրդել է ռազմամթերք ձեռք բերելուն, ապա Քալաշյանի պնդմամբ, գործի նյութերով այդպես էլ չի պարզվել, թե որն է եղել նպատակը․ «Մեղադրանքում նշվել է, որ Բաբայանը դրդել է Գաբրիելյանին ձեռք բերել «Իգլա» տեսակի համալիր՝ խոստանալով դրա համար վճարել 50 հազար ԱՄՆ դոլար, նույն մեղադրանքով Բաբայանը այդ գումարը խոստացել է վճարել որպես ռազմամթերքի համար գին, սակայն թե ինչ նյութական շահագրգռվածություն է ունեցել Սանասար Գաբրիելյանը, պարզ չէ։ Բացի այդ, գործում չկա որևէ տվյալ, որ այդ առաջարկը փոխանցվել է Սամվել Բաբայանին, իսկ Բաբայանը համաձայնել է այդ գումարը վճարել»,- շեշտեց Բաբայանի պաշտպանը։

Ըստ փաստաբանի՝ առաջին ատյանում պաշտպանության կողմը զրկվել է իր փաստարկները ներկայացնելու հնարավորությունից, Քալաշյանը հայտարարեց, որ դատավճռի հիմքում միայն մեղադրանքի բերված ապացույցներն են։ Նա գտնում է՝ առաջին ատյանի դատավճիռը պետք է բեկանվի։

Սամվել Բաբայանը դատարանում ասաց, որ դատավճռով այդպես էլ չապացուցվեց, թե ով է վաճառողն ու փաստացի գնորդը: Դիմելով մեղադրող կողմին՝ նա ընդգծեց․ «Թող պարզաբանեն, հասկանանք, թե այս քրեական գործի հիմքում ով է, թաքցրել էդ ամենը, ապրանք բերող, ծախող, առնողը՝ չկա»։

Մեկ այլ ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ով նույնպես բողոքարկել է առաջին ատյանի դատավճիռը, ասաց․ «Մի հատ նկար նայելու համար երեք տարի դատում են, ինչի՞ համար, ի՞նչ ենք արել։ Երբ որ գնացել ենք հայրենիք ենք պաշտպանել, ոչ մեկը չի ասում այդ մասին։ Ոչ մի բան, ոչ արել ենք, ոչ մեկին ոչ ֆինանսավորել ենք, ոչ էլ դրդել»։

Այսքանով այսօրվա նիստը ավարտվեց, հաջորդը նշանակվեց փետրվարի 2-ին։

2017-ի նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վեց տարվա ազատազրկման է դատապարտել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին։ Բացի նախկին հրամանատարից, այս գործով անցնում է ևս վեց մարդ։ Նրանցից Սանասար Գաբրիելյանը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, Արմեն Պողոսյանը՝ երկու տարվա։ Մյուս ամբաստանյալները՝ Ժորա Զաքարյանը, Անդրանիկ և Կարեն Քոչարյանները, Դավիթ Հարությունյանը նույնպես մեղավոր են ճանաչվել, սակայն նրանց համար նշանակվել է երկու տարվա փորձաշրջան։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել