ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը կազատվի մաքսատուրքից

Կառավարության հունվարի 25-ի նիստի օրակարգում ընդգրկված է «ՄԼ մայնինգ» ընկերությանը ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու հարցը։ Մաքսատուրքից ազատվող այս ընկերության միանձնյա բաժնետերը Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանն է։ Ամիսներ առաջ այս մասին հայտնել էր «Հետք»-ը։

«ՄԼ մայնինգ»-ը, ըստ այդ հրապարակումների, զբաղվում է ավազի ու խճի արդյունահանմամբ։ ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը մինչ այս ևս մաքսային արտոնություններ էր ստացել։ Միայն անցյալ տարի «ՄԼ մայնինգ»-ը 2 արտոնություն է ստացել՝ հունիս և օգոստոս ամիսներին։

2017-ի հունիսի 23-ին ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը Բուլղարիայից ներմուծել է 75 մլն դրամի սարքավորում և ազատվել մաքսատուրքից։ «ՄԼ մայնինգ»-ը մաքսատուրքից ազատվել էր նաև օգոստոսին։ Այդ ժամանակ ընկերությունը պատրաստվում էր ներկրել 243 մլն դրամի սարքավորում։ Այս անգամ ներկրվելիք սարքավորումների ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ դրամ։

Դավիթ Սուքիասյանը նաև 100-տոկոսանոց բաժնետեր է «ԴԼՍ գրուպ» ընկերությունում։ Ինչպես պարզել էր «Հետք»-ը, այս ընկերությունը նույնպես զբաղվում է ավազի ու խճի արդյունահանմամբ։ 2016-ին «ԴԼՍ գրուպ» ընկերությունը վնասով աշխատած ընկերությունների ցանկում էր։

ՀՔԾ աշխատակազմի ղեկավար Սուքիասյանը միանձնյա բաժնետեր է նաև մեկ այլ ընկերությունում՝ «ՄՄվինինգ»-ում, որը դարձյալ ավազի հանքարդյունահանմամբ է զբաղված։

Հատուկ քննչական ծառայությունն, անդրադառնալով Սուքիասյանի բիզնես գործունեությանը հայտնել է, թե բիզնեսների հետ «առնչություն չունի», քանի որ ընկերություններում իր բաժնեմասը հանձնել է հավատարմագրային կառավարման։