Հայաստանը առաջին փոխվարչապետ կունենա

2018-ի ապրիլից Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունում կլինի նոր՝ առաջին փոխվարչապետի պաշտոն։ Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը հունվարի 24-ին տեղադրվել է e-draft.am կայքում։ Նախագծում նշվում է, որ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետերից և նախարարներից:

Փոխվարչապետը իր բոլոր գործողությունները պետք է համաձայնեցնի վարչապետի հետ։ Նախագծում պահպանվել է նաև սահմանադրական դրույթն, ըստ որի, հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, փոփոխություններ է կատարում կառավարության կազմում:

Այս նախագիծը բխում է սահմանադրական փոփոխություններից: Հունվարի 25-ին կառավարությունն ընդունեց «Անվտանգության խորհրդի մասին» նոր օրենքի նախագիծը, որտեղ նույնպես ամրագրված է առաջին փոխվարչապետի պաշտոնը։

Քաղաքագիտական շրջանակները հակված են մտածելու, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը նախատեսված է գործող վարչապետ Կարեն Կարապետյանի համար այն դեպքում, եթե ապրիլին վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել