ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության առաջին միջոցառումը՝ Ստամբուլում

Հունվարի 24-ին Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) Հայաստանի նախագահության անդրանիկ միջոցառումը` ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի, հարակից կազմակերպությունների և ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության համատեղ նիստը:

ՀՀ ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի նախագահության առաջնահերթություններն ու հայեցակարգային խնդիրները՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևրում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանումը, ՍԾՏՀԿ տնտեսական օրակարգի պատշաճ իրականացումը, ՍԾՏՀԿ արդյունավետության, ինչպես նաև կազմակերպության դերի և հեղինակության բարձրացումը:

Նիստի արդյունքում հաստատվել է ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության վեց ամսվա օրացույցը, որն ընդգրկում է Հայաստանում և կազմակերպության անդամ-երկրներում նախատեսվող բազմաբնույթ միջոցառումներ:

Նիստից հետո հայկական նախագահությունը ՍԾՏՀԿ կենտրոնակայանում կազմակերպել էր ընդունելություն:

***

2017-ի վերջին ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակությունը հայտարարություն էր տարածել, որում կոչ էր անում բոլոր պատվիրակություններին «չտրվել սադրանքների, տնտեսական կառույցը չծառայեցնել որոշ պետությունների քաղաքական շահերին»։ Հայտարարությունը հրապարակվել էր Կիևում լիագումար նիստի ժամանակ Հայաստանի դեմ ուղղված միջադեպից հետո։

«ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական քսանհինգերորդ տարում Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ աննախադեպ երևույթի ականատես եղանք:

Վեհաժողովի հիսուներորդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պարզվեց, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի և Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել ինչ-որ հարց էին քննարկում: Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը: Սա մենք որակում ենք իբր վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլ բոլոր պատվիրակությունների ընդհանուր կառույցի հանդեպ»,- ասված էր հայտարարությունում։

Ի նշան բողոքի՝ հայկական պատվիրակությունը լքել էր Վեհաժողովի դահլիճը:

1992թ. հունիսի 25-ին Ստամբուլում հրավիրվել էր գագաթաժողով, որի արդյունքում Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա) ղեկավարները (պետությունների կամ կառավարությունների մակարդակով) հռչակագիր էին ստորագրել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման մասին: Սերբիան՝ որպես անդամ, կազմակերպությանը միացել է 2004թ.:

ՍԾՏՀ անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի՝ 1994թ. մարտի 10-ին ընդունված որոշմամբ՝ Ստամբուլում հիմնադրվել է ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարությունը:

2001թ. օգոստոսից Ստամբուլում գործում է ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը՝ իր ողջ անձնակազմով:

Մեկնաբանել