Սյունիքում Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ են որսացել

Հունվարի 24-ին Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Աջաբաջ գյուղին հարող տարածքում ապօրինի որսի դեպք է գրանցվել, այս մասին հաղորդում է բնապահպանության նախարարությունը:

Հայտնաբերվել է սպանված մեկ բեզոարյան այծ, որը գրնացված է կարմիր գրքում:

«Հունվարի 24-ին, ժամը 9։30-ին ՀՀ ԲՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» պետական արգելավայր տեղամասի տեսուչ Ա․ Ստեփանյանն ահազանգել է տնօրինությանը, որ Աջաբաջ բնակավայրի հարակից տարածքում կրակոցի ձայն է լսվում։

Տնօրենի հանձնարարությամբ այդ տարածք են մեկնել վեց աշխատակիցներ։ Տեղյակ է պահվել նաև Բնապահպանության և ընդերքի տեսչության մարմնի մարզային կառույցին։ Տարածքը սանրելուց հետո ՊՈԱԿ-ի աշխատակիցները ժամը 12։00-ին հայտնաբերել են սպանված մեկ բեզոարյան այծ, որին չէին հասցրել մորթազերծել։

Որսագողին հայտնաբերելու ջանքերն արդյունք չեն տվել։ Կատարվածի մասին տեղյակ է պահվել իրավապահ մարմիններին»,- ասվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել