Քարինտակ. 1992-ի հունվարի 26-ը

Քարինտակում, պատերազմի ավարտից տարիներ անց էլ, գրեթե յուրաքանչյուր պատմություն սկսվում և ավարտվում է պատերազմով: Սերյոժա Աղաբյանը կանգնել է հուշատախտակների մոտ և բացատրում է. «ՙԱհա այս մեկն իմ 18-ամյա որդին է: Արթուրը սպանվեց Մարտակերտում: Ահա այս մեկը եղբորս տղան է` Գառնիկը: Սպանվել է քսան տարեկանում: Էն երկուսն էլ հորեղբորս տղաներն են, տեսնո՞ւմ ես, մեկը կնոջ հետ է: Նրանք էլ են սպանվել»:

Ազգությամբ ռուս Տատյանա Առուշանյանը պատերազմում կորցրել է ամուսնուն և տղային, Սեդա Մարգարյանը և Արուսյակ Աղաբյանը` իրենց երկու որդիներին, Սեդա Առաքելյանը` որդուն և 14-ամյա աղջկան՝ Նարինեին, Սիրան Հովհաննիսյանը` երկու որդիներին ու երկու թոռներին: Նրա երրորդ որդին` Գրիշա Հովհաննիսյանը, Քարինտակի գյուղապետն է: «Քարինտակն այս պատերազմում 33 զոհ է տվել: Իմ երկու եղբայրները նույնպես սպանվել են: 1991թ. դեկտեմբերի 28-ին գիշերով թաղեցինք Ալյոշային, որովհետև ցերեկը հնարավոր չէր գյուղում քայլել, անընդհատ կրակում էին Շուշիից: Մյուս եղբայրս` Միշան, սպանվեց մեկ ամիս անց` հունվարի 26-ին»,- հիշում է նա:

Ադրբեջանցիները Քարինտակն անվանում էին Դաշալթը, հետագայում` «Գանլը դարա», թարգմանաբար` արյան կիրճ: Մոտ 700 բնակիչ ունեցող գյուղը գրավելու երեք փորձ է եղել: 1992թ. հունվարի 26-ին վերջին փորձի ընթացքում ադրբեջանական ջոկատները ջախջախվեցին Քարինտակի մոտ` Շուշիի ձորում: Արկադի Տեր-Թադևոսյանը, ով 1991թ. հուլիսից Արցախում էր, գրում է.

«Գրոհին անմիջականորեն մասնակցում էր հակառակորդի 180 զինվոր: Գործողությունը ղեկավարում էր Շուշի ժամանած Ադրբեջանի պաշտպանության նախարար Թաջեդդին Մեհտիևը, որի հետ միասին սովորել էինք Բաքվի ռազմական ուսումնարանում: Հակառակորդը ջախջախվեց` մարտի դաշտում թողնելով 92 սպանված»:

Այս պարտությունից հետո Մեհտիևը ստիպված էր լքել ոչ միայն Շուշին, որը մինչև1992թ. մայիսի 8-ը ադրբեջանական զինուժի կարևորագույն խարիսխն էր Ղարաբաղում, այլև նախարարի պաշտոնը:

«Երկու կանոնավոր գումարտակի դեմ մենք ունեցել ենք 40 ավտոմատ, մի քանի տասնյակ որսորդական և ինքնաշեն հրացաններ: Կռիվը տևեց կես օրից ավելի: Հունվարի 26-ի մարտում Քարինտակը տվեց 22 զոհ, որից 12-ը` տեղացիներ, մյուս 10-ը` հարևան գյուղերից: Քանի որ Շուշիից ադրբեջանցիներն անընդհատ գնդակոծում էին գյուղը, հնարավոր չեղավ քարինտակցի զոհվածներին թաղել գյուղում: Նրանց թաղեցինք Ստեփանակերտում, իսկ 1993թ. բոլոր 12 դիակները վերաթաղեցինք Քարինտակում»,- պատմում է գյուղի պաշտպանության օրերին վիրավորված Հովհաննիսյանը:

Ադրբեջանցի մի քանի տասնյակ մայրերի համար հունվարի 26-ը տխուր օր է. ամեն տարի այդ օրը նրանք հավաքվում և սգում են իրենց որդիների մահը: Նրանց մի մասը առաջին անգամ էին Ղարաբաղում: Քարինտակցի Զոյա Ծատրյանի 25-ամյա որդին` Գառնիկը, սպանվել է մարտերից տուն դառնալու ճանապարհին: Տիկին Զոյան ցավում է նաև տասնյակ ադրբեջանցի երիտասարդների համար, որոնց ուղարկել էին Քարինտակը գրավելու, սակայն սպանվել էին գյուղում և մոտակա դաշտում: «Ջահել տղաներ էին»,- արտասվում է նա:

Ղարաբաղյան պատերազմը դեռ առջևում էր: Խորհրդային Միության փլուզման արդյունքում անկախություն ստացած Հայաստանը, Ադրբեջանը ու մինչ օրս չճանաչված Լեռնային Ղարաբաղն ընտրեցին պատերազմի ճանապարհը, որովհետև նրանք համոզված էին, թե այլ ճանապարհ չկա:

Միգուցե` չկար:

Հավանաբար` չկար:

Կողմերից յուրաքանչյուրն ի՛ր արդարությունն էր փնտրում և պատրաստ էր դրա դիմաց վճարել հազարավոր սպանվածներով, տասնյակ հազարավոր վիրավորներով և հարյուր հազարավոր փախստականներով, տեղահանվածներով:

Հայերն ու ադրբեջանցիները վեճերը զենքով կարգավորելու պատմական փորձ ունեին: Քսաներորդ դարասկզբին` 1905-1906 թթ., հետագայում` 1918-1920թթ. տեղի էին ունեցել հայ-թաթարական բախումներ և կոտորածներ: Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը նկարագրում է այդ կոտորածներից մեկը.

«Անգլիական ներկայացուցչության և ազրբեջանյան հրամանատարության աչքի առաջ, թուրք և քուրդ զինված խուժանը կոտորեց Շուշիից երկու վերստ հեռու գտնվող Ղայբալիքենդ հայկական մեծ գյուղը: Անլուր բռնություններ գործվեցին անպաշտպան կանանց ու երեխաների վրա: Մի քանի հարյուր մարդ սպանվեց, գյուղն ավարի տրվեց ու քարուքանդ եղավ: Մոտակա Կրկժան գյուղի հայ բնակիչները, սպիտակ դրոշ բարձրացնելով, ուղևորվեցին Խանքենդ դիվիզիայի պետի մոտ` պաշտպանություն խնդրելու նպատակով: Խանքենդից ուղարկվեց մի զորամաս՝ սպայի գլխավորությամբ, որն առաջարկեց հայ գյուղացիներին իրենց գույքը հանձնել ի պահ հարևան թուրքերին և տեղափոխվել Խանքենդ: Այսպես էլ արվեց, բայց Կրկժանն այնուամենայնիվ ավերվեց ու թալանվեց»:

Վրացյանի հիշատակած դեպքերից տասնամյակներ անց` 1992թ. հունվարի 19-20-ը, ղարաբաղյան ուժերը վերագրավում են Կրկժանը, որն արդեն ադրբեջանաբնակ էր: Սակայն Ստեփանակերտում վիճակը շարունակում էր մնալ ծանր: Քաղաքը ոչ միայն զրկված էր Հայաստանի հետ ցամաքային կապից, այլև չորս կողմից շրջափակված ադրբեջանկան բնակավայրերով: Գերագույն խորհրդի շենք էր տեղափոխվել ծննդատունը, իսկ զինվորական հոսպիտալը` կառավարության շենք:

Զորի Բալայանը նկարագրում է.

«1991թ. դեկտեմբերից Ստեփանակերտը ևս մտավ նկուղներ: 1992թ. հունվարի 13-ից «Գրադի» առաջին կրակահերթով սկսեցին Շահումյանի, իսկ հունվարի 10-ից` Ստեփանակերտի ոչնչացումը: Ղարաբաղ ալյուր ու վառելիք բերող ուղղաթիռներն ամեն թռիչքից հետո դուրս էին բերում կանանց, ծերունիների, երեխաների, հիվանդների: Ստեփանակերտում անհնար էր հանդիպել պարապ-սարապ շրջողների: Քաղաքն ապրում էր նկուղներում, ծննդաբերում էր նկուղներում, մեռնում էր նկուղներում, վիրավորներին մահից փրկում էին նկուղներում»:

Օղակված Ղարաբաղը մի կողմից դիմագրավում էր հակառակորդի հարձակումներին, մյուս կողմից՝ վերահաս սովին ու անորոշությանը: Միակ միջոցը, որով կապ էր ապահովվում Ստեփանակերտի հետ, օդային ճանապարհն էր: Այն օրերին Արցախում շատ բան էր պակասում, նաև` ներքին համերաշխություն: Սրա հետ մեկտեղ` սկսվել էր իշխանության պայքար անողոք ու արյունոտ պատերազմի մեջ ներքաշված մի երկրում, որի 100-հազարանոց խիզախ բնակիչները դիմադրում էին ու մերժում ծնկի գալ 7-միլիոնանոց Ադրբեջանի առաջ:

Լրագրող Գեղամ Բաղդասարյանը 1992-1993 թթ. եղել է ԼՂՀ Գերագույն խորհրդի լրատվական ծառայության ղեկավարը: Գերագույն խորհրդի նախագահը և չճանաչված երկրի ղեկավարը դաշնակցական Արթուր Մկրտչյանն էր:

«Նա պաշտոնավարեց շատ ծանր ժամանակներում: Միայն պատերազմը չէ, որ նկատի ունեմ, այլև ներքին պառակտումը, գումարած դրան` Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը: Այն ժամանակ Հայաստանի ղեկավարությունը չընդունեց նրան և համագործակցում էր ոչ թե օրինական, ընտրված իշխանությունների հետ, այլ հենվում էր այլ փաստական ուժերի վրա` դրանք վերաճեցնելով օրինական իշխանության հակակշռի: Պատերազմող Արցախի վրա ներազդելու լծակներ շատ կային, բայց ամենառեալն ու մաշկիդ վրա զգացնել տվողը… բենզինն էր: Հայաստանից առաքվող բենզինն ընտրված իշխանությունը չէր, որ ստանում էր, այլ Հայաստանի բարձրագույն ղեկավարության մտերիմները»,- հիշում է Բաղդասարյանը:

Լեռնային Ղարաբաղի այդ օրերի վարչապետ Օլեգ Եսայանը պատմում է.

«Շատ դժվար պայմաններում ընտրվեց Գերագույն խորհրդի և կառավարության ղեկավարությունը: Կար լուրջ պայքար ՀՅԴ-ի և ՀՀՇ-ի միջև Հայաստանում: ՀՀՇ-ն` որպես կազմակերպություն, Ղարաբաղում չի եղել, իհարկե շատերն ընդունել են Տեր-Պետրոսյանի իշխանությունը: Հայաստանում կատարվող ցանկացած երևույթ ուղղակի կամ միջնորդավորված իր ազդեցությունն էր թողնում Ղարաբաղում: Արթուր Մկրտչյանն ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ: Իմ վարչապետ ընտրվելը պայմանավորված էր փոխզիջումով: Վարչապետ պետք է դառնար նա, ով շատ թե քիչ փորձ ուներ: Ես մարզխորհրդի նախագահի առաջին տեղակալն էի և ղեկավարում էի տնտեսական հատվածը: Սուբյեկտիվ առումով` իմ դեպքում ՀՅԴ-ն ընդգծված դեմ չէր, մյուս թևը կողմ էր»:

«Մյուս թևը» Երևանից աջակցություն և… բենզին ստացողներն էին: Տեր-Պետրոսյանը Արցախում գործող իր համախոհների խմբին` Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Մուրադ Պետրոսյան, այլք, որպես կազմակերպական ընդհանրություն այսպես էր բնութագրում` «Հայոց համազգային շարժման տեղական ցանց»:

1991թ. դեկտեմբերի 28-ին Ղարաբաղում տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ, մեծամասնական ընտրակարգով ձևավորվել էր 75 հոգանոց Գերագույն խորհուրդ: Ադրբեջանցիները, ինչպես և դեկտեմբերի 10-ի հանրաքվեի դեպքում, չմասնակցեցին այդ ընտրություններին: Ի տարբերություն Հայաստանի, որտեղ մեկուկես տարի առաջ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ էր տարել ՀՀՇ-ն, իսկ 1991-ի հոկտեմբերին նախագահական պայքարում հաղթել էր Տեր-Պետրոսյանը, Ղարաբաղում ուժերի հարաբերակցությունն այլ էր. ընտրություններում հաղթել էր ՀՅԴ-ն:

Նախկին դաշնակցական Մանվել Սարգսյանը կուսակցության հաղթանակն այսպես է բացատրում. «ՙԿազմկոմիտեի ժամանակ Շարժման ակտիվիստները միացան Դաշնակցությանը: Ես և Արկադի Կարապետյանն ենք եղել առաջին դաշնակցականներից Ղարաբաղում, ներգրավել Էմիլ Աբրահամյանին, մյուսներին: Շարժման տղաները` մոտ 120 մարդ, դարձան դաշնակցական, այսինքն` Դաշնակցությունն իր մեջ ներգրավեց Շարժման ակտիվիստներին: 1991թ. վերջին այդ կոմիտեն եկավ իշխանության ԼՂ-ում, որը կազմակերպում էր զինված դիմադրությունը»:

1991թ. հուլիսին Վազգեն Սարգսյանը, ով Հայաստանի խորհրդարանում ղեկավարում էր պաշտպանության հարցերով հանձնաժողովը, Արցախ է գործուղում Արկադի Տեր-Թադևոսյանին: Խորհրդային բանակի սպան հրահանգ էր ստացել ենթարկվել նորաստեղծ Պաշտպանության կոմիտեի ղեկավար Սերժ Սարգսյանին: Տեր-Թադևոսյանի առջև երկու հիմնական խնդիր էր դրվել. Առաջին՝ ստանձնել բոլոր այն կամավորական ջոկատների հրամանատարությունը, որոնք աջակցություն էին ստանում ՀՀՇ-ի և Արցախի Պաշտպանության կոմիտեի կողմից, երկրորդ` փորձել ընդհանուր հրամանատարության ներքո միավորել տարբեր քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների կողմից ձևավորված` Արցախում գործող ինքնապաշտպանական ջոկատները, և համակարգել նրանց ռազմական գործողությունները:

«91-ի ամռանը Արցախում դեռևս չկար միասնական հրամանատարությամբ պաշտպանական համակարգ, ինչն ավելի շատ քաղաքական, քան կազմակերպչական խնդիրների հետևանք էր: Առաջատար քաղաքական ուժը Դաշնակցությունն էր, որը ՀՀՇ-ի և Արցախում վերջինիս կողմնակիցների հետ կոշտ պայքարի մեջ էր: Երկու մրցակից քաղաքական ուժերի կողմից վերահսկվող ջոկատները Հայաստանից զենք ու զինամթերք էին ստանում տարբեր խողովակներով, միմյանց չէին վստահում և մարտական գործողությունները չէին համակարգում»,- գրում է Տեր-Թադեւոսյանը:

Լեռնային Ղարաբաղի տարածքում 91-ի ամռանը գործող կամավորական ջոկատների 80 տոկոսը, ըստ Տեր-Թադևոսյանի, համալրված էր տեղացիներով, և միայն 20 տոկոսն էր եկել Հայաստանից: ՀՅԴ-ի վերահսկողության տակ գտնվող ջոկատները կազմում էին մեծամասնություն, նրանք զենքն ու զինամթերքն ստանում էին կուսակցական խողովակներով: Դաշնակցական ջոկատների շարքում ամենախոշորն ու լավ կազմակերպվածը Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ջոկատն էր: Կային նաև այլ կազմակերպությունների աջակցությունը ստացող ջոկատներ: Նրանց մեջ, Տեր-Թադևոսյանի խոսքով, մարտունակությամբ աչքի էր ընկնում Լեոնիդ Ազգալդյանի «Հայոց ազատագրական բանակը»: Տարբեր քաղաքական ուժերի վերահսկողության տակ գործող ջոկատների միջև մերձեցում սկսվեց աշնանը:

«Աշոտ Ղուլյանը, Վլադիմիր Բալայանը նկատեցին Արկադիին, որն աշխատում էր Մարտակերտում, նրան տեղափոխեցին Հադրութ, որտեղ նա կազմակերպեց Տող գյուղի գրավումը 1991թ. հոկտեմբերի 30-31-ին: Դրանից հետո Տեր-Թադևոսյանի հետ դաշնակցականներն սկսեցին ավելի սերտ աշխատել: Այդ ժամանակ Տեր-Պետրոսյանն առաջին անգամ լուրջ ընդունեց, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, և առաջին լուրջ օգնությունը ցույց տվեց»,- ասում է Մանվել Սարգսյանը:

Ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար, դաշնակցական Արկադի Կարապետյանը իր տեղը զիջում է Տեր-Թադևոսյանին: Տողից բացի, որն ուներ մոտավորապես հավասար քանակությամբ հայ և ադրբեջանցի բնակչություն, 91-ի հոկտեմբեր-դեկտեմբերին մարտեր էին ընթանում Ղարաբաղի այլ բնակավայրերում: Նոյեմբերի առաջին կեսին ղարաբաղյան ուժերը հակառակորդի կրակակետերը ճնշում են Հադրութի և Մարտունու հատվածներում, ապա հետ վերցնում մայիսին «Օղակ» գործողության հետևանքով գրավված Հադրութի հայկական գյուղերը:

Դեկտեմբերի կեսերին ինքնապաշտպանական ուժերը Վլադիմիր Բալայանի և Աշոտ Ղուլյանի հրամանատարությամբ գրավում են կրակակետի վերածված, Ստեփանակերտը շրջապատող ադրբեջանական բնակավայրերից Ջամիլուն: Դեկտեմբերի 23-ին Ժիրայր Սեֆիլյանի և Վլադիմիր Բալայանի, ինչպես նաև շրջակա գյուղերի ինքնապաշտպանական ջոկատներն ավելի քան վեց ժամ տևած մարտում գրավում են Ասկերանի ադրբեջանական մեկ այլ` Լեսնոյ գյուղը, ոչնչացնում հակառակորդի կրակակետերը: Ադրբեջանական ուժերը լուրջ կորուստներն են կրում` տալով տասնյակ սպանվածներ:

Հատված Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» հատորից (երրորդ հրատարակություն, 2011թ)։