Գերմանիան սառեցրել է Թուրքիային տանկերի մատակարարումը

Գերմանիայի կառավարությունը սառեցրել է Թուրքիային «Լեոպարդ» տանկերի մատակարարման մասին որոշումը․ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Spiegel-ին։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը ասել է, որ «կառավարությունը շատ մտահոգված է Սիրիայի հյուսիսում ընթացող ռազմական հակամարտությամբ»։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ կառավարությունը չպետք է զենք մատակարարի հակամարտության գոտիներ։

Սառեցումը, մասնավորապես, վերաբերում է գերմանական այն ընկերություններին, որոնք արդիականացնում են Թուրքիայի կողմից օգտագործվող «Լեոպարդ» տեսակի տանկերը։

Հունվարի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Սիրիայի Աֆրինում քրդական դիրքերի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին։ Անկարան Սիրիայի քրդական զինուժին՝ YPG-ին, համարում է Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի ճյուղավորում։

Էրդողանը օրերս հայտարարել է Աֆրինի օպերացիան ընդլայնելու մտադրության մասին, ինչի արդյունքում թուրքական ուժերը կարող են մոտենալ քրդերին աջակցող ամերիկյան ուժերին։

  • Թուրքիան հայտարարում է, որ «պայքարում է ահաբեկիչների դեմ ու նպատակ ունի փրկել բարեկամական ու եղբայրական ժողովրդին ահաբեկիչների բռնություննից»։
  • Հունվարի 20-ին ժամը 17-00-ին Թուրքիան հայտարարեց Սիրիայի քրդաբնակ Աֆրին քաղաքում ռազմական գործողություն սկսելու մասին։ Գործողությունը ստացավ «Ձիթենու ճյուղ» անվանումը։ Դրանից անմիջապես հետո Թուրքիայի օդային ուժերը Դիարբեքիրից սկսեցին ռմբակոծել սիրիական քրդերի ամենաազդցիկ կառույցի՝ «Ժողովրդավարական միություն» կուսկացության դիրքերն ու վերացրել մի շարք զինապահեստներ։ Արդեն հունվարի 21-ին թուրքական տանկերն ու զորախմբերը հատեցին թուրք-սիրիական սահմանն ու շարժվեցին Աֆրինի ուղղությամբ, որն առանձնացած է քրդերի վերահսկողության տակ գտնվող մյուս տարածքներից։ Ռազմական գործողությանը մասնակցում է 6400 թուրք զինվոր։
  • Սիրիայի արձագանքը․ նախագահ Բաշար Ասադը դատապարտել է թուրքական ներխուժումը՝ ասելով, որ Աֆրինում «թուրքական կոշտ ագրեսիան» Անկարայի՝ Սիրիայում «ահաբեկիչներին օգնելու» նախագծի մաս է
    ԱՄՆ-ը թեպետ կոչ է անում Թուրքիային Աֆրինի վրա հարձակման փոխարեն «Իսլամական պետության» դեմ պայքարել, սակայն չի պատրաստվում միջոցներ ձեռնարկել Աֆրինի վրա թուրքական հարձակումը կանխելու համար։
  • Մոսկվայի արձագանքը զուսպ էր, հայտարարել է, որ «մտահոգված է» Սիրիայի հյուսիսից եկող լուրերով։ Ռուսաստանի զինվորականները, որոնք մտնում են հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի կազմի մեջ, օպերացիայից առաջ դուրս են բերվել այդ շրջանից։
  • Սիրիայի դաշնակից Իրանը կոչ է արել թուրքական օպերացիայի շուտափույթ դադարեցում՝ Սիրիայում ճգնաժամի խորացումից խուսափելու համար։
  • Թուրքիայի գործողությանը սատարել է նաև Ադրբեջանը՝ հայտարարելով, որ աջակցում է «եղբայրական» Թուրքիային «ահաբեկչության դեմ պայքարում»։

Ավելին՝ Պոլսի Հայոց պատրիարքարանն աջակցություն է հայտնել Աֆրինում Թուրքիայի օպերացիային

Մեկնաբանել