Ոստիկանությունը պարզաբանել է Նիկոլ Փաշինյանի ձերբակալության փորձը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին Հռոմում ձերբակալելու փորձի մասին:

Ըստ հաղորդագրության` 2009-ին Հայաստանը դիմել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը` Փաշինյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու համար:

«ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, թե Իտալիայի ոստիկանությունը Հռոմում «պաշարել է» իր հյուրանոցային սենյակը` ձերբակալելու նպատակով: Ըստ Փաշինյանի` ոստիկանական գործողության համար հիմք է ծառայել Ինտերպոլի միջոցով 2008 թվականից իրեն որոնելու փաստը:

Հայտնում ենք, որ 01.07.2009 թ` Նիկոլ Փաշինյանի` ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, 21.07.2009 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը, ապա` Գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները»,- ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Հռոմում փորձել են ձերբակալել իրեն:

2008-ի հետընտրական իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանը հետախուզման մեջ էր: 2009-ին նա ներկայացել էր Հայաստանի իրավապահ մարմիններին և 2010-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: 2011-ին ազատ է արձակվել համաներմամբ:

Մեկնաբանել