Վրաստանին ռուսական գազ «պետք չէ», ադրբեջանականը «բավարար է»

Վրաստանը վերջնականապես հրաժարվել է ռուսաստանյան գազից։ Երկրի էկոնոմիկայի փոխնախարար Գեորգի Չիկովանին հայտարարել է, որ վառելիքի այդ տեսակի պահանջը ամբողջությամբ բավարարում է Ադրբեջանը։

«Վրաստանին պարզապես պետք չէ ռուսական գազը, քանի որ ադրբեջանականը լիովին բավար է»,- պարզաբանել է նա։ Չիկովանին նաև հերքել է ավելի վաղ Վրաստանի ընդդիմության հնչեցրած այն հայտարարությունը, թե երկրի իշխանությունները ռուսական գազ գնելու փող չունեն այն բանից հետո, երբ Թբիլիսին և Մոսկվան անցյալ տարեսկզբին համաձայնագիր էին ստորագրել, որով Հայաստան տարանցվող գազի դիմաց վրացական կողմը պետք է վճարեր։

Անցյալ տարվա ապրիլին Վրաստանի այդ ժամանակվա փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել էր, որ երկիրը մտադիր է նվազեցնել կախվածությունը ռուսական գազից և մինչև տարեվերջ հրաժարվել դրա ձեռքբերումից՝ այն փոխարինելով ադրբեջանական երկնագույն վառելիքով։

2017թ․՝ ընդհուպ մինչև մարտ, Վրաստանը ստացել է 100 մլն խմ ռուսական գազ, որից հետո մատակարարումները դադարեցվել են։

2017թ․ հունվարի 11-ին Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն «Գազպրոմ Էքսպորտ»-ի ղեկավարության հետ բանակցությունների երրորդ փուլից հետո հայտարարել էր, որ կառավարությունը «օպտիմալ որոշում» է կայացրել՝ ընդունելով «Գազպրոմ»-ի պայմանները Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման վերաբերյալ։ Ըստ համաձայնագրի՝ երկամյա համաձայնագրի առաջին տարում մասամբ կպահպանվի տարանցման դիմաց գազով վճարումը, իսկ երկրորդ տարում անցում կկատարվի ամբողջությամբ փողով վճարմանը։ Վրաստանում ռուսաստանյան ընկերության հետ գործարքի դեմ բողոքի մեծ ալիք էր բարձրացել։

Վրաստանյան իշխանությունները հայտարարում էին, որ «Գազպրոմ»-ի հետ կնքված համաձայնագիրը «առևտրային գաղտնիք է», սակայն հնարավորության դեպքում կհանրայնացնեն այն։

Մեկնաբանել