ՀՀ արտաքին քաղաքականությունը չպետք է պտտվի միայն ԼՂ հարցի շուրջ․ Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը արտաքին գործերի նախարարությունում այսօր հանդիպում է ունեցել ԱԳՆ ղեկավար կազմի հետ:

Մեր դիվանագիտության արդյունավետության բարձրացումն ուղղակի օրվա հրամայական է, ասել է Սերժ Սարգսյանը։

Նա կարևորել է արտաքին քաղաքականության բնագավառում միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրավորումը, համապատասխան քաղաքականության մշակումը:

«Կարծում եմ, որ արդեն հասունացել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու և արդիականացնելու ժամանակը: Պատահական չէ, որ այս գաղափարը ես առաջ եմ քաշում և հնչեցնում եմ հենց արտաքին գործերի նախարարությունում»,- հայտարարել է նա։

Ինչպես ասված է ԱԳՆ հաղորդագրությունում, հանդիպման ժամանակ ՀՀ նախագահն իր դիտարկումներն է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքական խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ արտգործնախարարության «որոշ թերացումների վերաբերյալ՝ հստակ մատնանշելով այն աշխատանքները, որտեղ կարելի էր լավ և հետևողական ջանքերի շնորհիվ ակնկալվող ավելի մեծ արդյունքների հասնել»:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարևորագույն տեղ զբաղեցնող Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնագծում: Իհարկե, մենք անշեղորեն շարունակելու ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Կարգավորման գործընթացում վերջին տասը տարիներին իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են: Եվ այստեղ ուզում եմ շնորհակալություն հայտնել պրոցեսի բոլոր մասնակիցներին՝ նախարարի գլխավորությամբ: Մենք, իհարկե, կարողացել ենք ամրագրել ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունք:

Միաժամանակ, որքան էլ որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեր արտաքին օրակարգի առաջնագծում է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, իհարկե, չպետք է սահմանափակվի ու պտտվի միայն այս հարցի շուրջ։ Մեր արտաքին քաղաքականության առանցքում, բնական է, որ պետք է լինեն Հայաստանի Հանրապետության ազգային շահերը, և Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային օրակարգի օրախնդիր հարցերին դրական ազդեցություն կունենա մեր տեսակետները առաջ մղելու գործում»,- նշել է Սերժ Սարգսյանը։

Հանդիպման ավարտին նա ասել է, որ «գուցե իր այսօրվա խոսքը խիստ էր, սակայն դրա նպատակը բնավ արտգործնախարարության աշխատանքը թերագնահատելը չէր՝ քննադատությունը միտված է աշխատանքը բարելավելուն, այն ավելի արդյունավետ դարձնելուն, որի պտուղները պետք է վայելեն բոլորը և հատկապես՝ գալիք սերունդները»:

Նա ԱԳՆ ղեկավար կազմին վստահեցրել է, որ իրենց գործն «իրոք գնահատված է»։

Մեկնաբանել