Դավոսից հետո․ Հայաստանն առաջարկելու շատ բան ունի

Հայաստանի վարչապետի խորհրդական, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մեկնել էր Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին։ ՍիվիլՆեթի Սյուզաննա Պետրոսյանին Խաչատուրյանը պատմել է դավոսյան հանդիպումների և սպասվող արդյունքների մասին։

– Հայաստանը վերջին անգամ Դավոսի ֆորումին մասնակցել էր մոտ տասը տարի առաջ [2009թ․]։ Ինչո՞վ է պայմանավորված, որ Հայաստանն այս տարի կրկին մասնակցեց ֆորումին։

– Մենք որոշեցինք, որ ցանկանում ենք մասնակցել, քանի որ ասելիք ունենք։ Այնտեղ էինք գնացել շատ կոնկրետ օրակարգով և ունենինք շատ բազմազբաղ գրաֆիկ։ Որոշեցինք, որ արժե ներկա լինել, մաս կազմել գլոբալ հիմնախնդիրների շուրջ քննարկումներին։

– Ո՞րն էր այցելության հիմնական օրակարգը։

– Օրակարգում բազմաթիվ հանդիպումներ կային թե՛ կառավարությունների և թե՛ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։ Դավոսի հմայքն այն է, որ այնտեղ ներկա են բազմաթիվ կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և մեծ մտածողներ։ Այսպիսով, կարելի էր օգտվել ընձեռված այդ հնարավորությունից՝ կարճ ժամանակահատվածում հանդիպել ում ցանկանում ենք։

Միաժամանակ, լայն քննարկումներ են տեղի ունենում գլոբալ հիմնախնդիրների շուրջ։ Այս տարի ֆորումը տեղի էր ունենում «Մասնատված աշխարհում ընդհանուր ապագա կառուցելու» խորագրի ներքո։ Եվ մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր երկիր՝ անկախ չափերից ու հզորությունից, այս հարցում ասելիք ունի, քանի որ քննարկվելիք խնդիրները մեկ երկրի խնդիրներ չեն։ Եվ սա լավ հարթակ է նման քննարկումների համար։

Ի վերջո, մենք մտածեցինք, որ սա մեզ բավական լավ տեսանելիություն կապահովի, քանի որ Հայաստանը երկար ժամանակ այնտեղ ներկա չի եղել, և գնացինք այնպես, որ, կարծում եմ, հանրությանը դուր եկավ։

– Ինչպես նշեցիք, վարչապետը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել մեծ ընկերությունների ղեկավարների, պաշտոնյաների, զարգացման կազմակերպությունների ղեկավարների հետ։ Ինչպիսի՞ սպասումներ կան այդ հանդիպումներից։

– Ինչպես նշեցի, յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մենք կոնկրետ օրակարգ և համագործակցության առաջարկ ունեինք. օրինակ՝ Նիդեռլանդների վարչապետի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկում ունեցանք սմարթ գյուղատնտեսության շուրջ, համաձայնություն ձեռք բերեցինք, որ ցանկանում ենք ծանոթանալ նրանց օրինակին և տարբերակներ գտնել՝ նրանց փորձը մեր գյուղատնտեսության բնագավառում կիրառելու համար։ Հաջորդ օրը, երբ վերադարձանք Երևան, նրանք արդեն իսկ կապ էին հաստատել մեր գյուղատնտեսության նախարարության հետ, և արդեն ունեինք հանդիպման կոնկրետ արգասիք։ Սակայն ի վերջո, ամբողջ աշխատանքն այժմ կախված է մեզնից, քանի որ սա հիմքն է այն գործի, որը պետք է դեռ անենք։

– Սա Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու երկու տարիների ընթացքում եվրոպական երկիր կատարած առաջին պաշտոնական այցն էր։ Արդյոք դա որևէ կերպ արտահայտվում է Հայաստանի՝ Եվրոպայից ներդրումներ ներգրավելու պատրաստակամության վրա։

– Չեմ կարծում, որ կապ կա այդ երկուսի միջև։ Պատճառը, որ վարչապետը Եվրոպա չէր այցելում, կապ չունի մեր՝ ներդրումներ ներգրավելու հետ։ Ներդրումներ կային, եվրոպական բազմաթիվ ընկերություններ Հայաստանում էին։ Դավոսի համատեքստում մենք հանդես էինք գալու «երկիրը՝ որպես հարթակ» ձևաչափով, որտեղ ներկայացնում էինք Հայաստանը որպես տարբեր շուկաներ մուտք գործելու հնարավորություն։ Մենք գործարար միջավայրում բարեփոխումների իրականացման բավականին լարված օրակարգ ունենք, ներկայացրել ենք թվեր, նշել, որ տարբեր երկրների, միջազգային տարբեր հարթակների հետ ունենք առևտրաշրջանառության տարբեր ռեժիմներ և առաջարկել ենք գալ ու բիզնես գործունեություն ծավալել Հայաստանում։ Սա ևս մեկ փորձ էր, քայլ էր, որ ավելի շատ եվրոպական ընկերություններ դիտարկեն Հայաստանի այդ հնարավորությունը։

– Հայաստանի համար որո՞նք կլինեն Դավոսի ֆորումից բխող քայլերը։

– Նախևառաջ պետք է անենք այնպես, որ ընկերությունները գան Հայաստան։ Մեր մոտեցումը հետևյալն է՝ մենք կարող ենք խոսել Հայաստանի մասին այնքան, որքան պետք է։ Սակայն նրանք ևս պետք է այցելեն ու տեսնեն՝ արդյոք իրականությունը համապատասխանո՞ւմ է նրանց ակնկալիքներին, կամ արդյոք կառավարությունը կարո՞ղ է բավարարել նրանց սպասումները։ Մենք պետք է յուրաքանչյուր ներդրողի հետ անկեղծ լինենք։ Մենք պետք է ցույց տանք այն, ինչ ունենք, և իմ կարծիքով՝ ցույց տալու շատ բան ունենք։

– Կարո՞ղ եք ներկայացնել ուղևորության կոնկրետ արդյունքները։

– Օրինակ, հանդիպում ունեցանք «Վեոն» [BeeLine բրենդի սեփականատեր – խմբ․] ընկերության ներկայացուցիչների հետ։ Նրանք կանոնավոր բիզնես գործունեություն են իրականացնում և ներդրումներ անում Հայաստանում։ Նրանց հետ մենք քննարկել ենք թվայնացման հետ կապված բազմաթիվ ծրագրեր։ Սա կառավարության մեկ այլ խոշոր բարեփոխման օրակարգ է։ Իմ, մեր մոտեցումը թվայնացման ոլորտում այն է, որ ավելի շատ շեշտադրում պետք է արվի մանսավոր-պետական հատվածների գործընկերության վրա։ Ուստի առաջարկեցինք միասին քննարկել օրակարգը, քանի որ ոչ մի կառավարություն ի վիճակի չէ ներդնել թվայնացումը՝ առանց համագործակցելու երկրում գործունեություն ծավալող ընկերությունների հետ։ Հուսով եմ՝ մոտ ապագայում նախ տեղի կունենա գաղափարների փոխանակում, ապա կտեսնենք՝ ինչպես են նրանք ներդրում կատարում։

– Որքանո՞վ էր այս ուղևորությունը համընկնում Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի առաքելությանը։

– Սա մեզ համար բինգո էր այն առումով, որ մենք հանդիպումներ ունեցանք ընկերությունների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների, դոնորների հետ։ Մեր քննարկումը բավական ուղղակի էր՝ մենք ունենք բարեփոխումների օրակարգ, եկեք միասին աշխատենք։ Մեզ պետք են ձեր մասնագետները, ձեր փորձառությունը՝ միասին աշխատելու համար։ Կենտրոնի աշխատանքը հիմնականում այս բարեփոխումների գործընթացներն ինտեգրելը, կառավարության օրակարգի ձևավորմանը նպաստելն է։

– Եվ վերջին հարցը՝ հայաստանյան լրատվամիջոցները ավելի շատ լուսաբանեցին այն ինքնաթիռը, որով դուք թռաք Շվեյցարիա, քան վարչապետի ունեցած հանդիպումները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Ես կսահմանափակվեմ, ինչ ասվել է պաշտոնապես։ Կցանկանայի ասել, որ մի փոքր հիասթափված էի, քանի որ ուշադրությունը շեղվեց մեկ այլ ուղղությամբ։ Մեր հանդիպումների ընթացքում մեր գործընկերներից ստացած արձագանքները հետևյալն էին՝ հայերը բավական բաց են, շատ պրագմատիկ են և նպատակասլաց։ Այսպիսի արձագանք ստացանք, և կարծում եմ՝ սրա և այդ բնութագրականների վրա պետք է ուշադրություն դարձնել։ Լավ, թռիչքը կարևոր է, բայց պետք է կենտրոնանանք ընդհանուր պատկերի վրա։ Արդեն իսկ արվել է պաշտոնական հայտարարություն այդ առնչությամբ, և չեմ կարծում, որ հետագա մեկնաբանությունների կարիք կա։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել