Ֆրանսիայի օրացույցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր կսահմանվի․ Մակրոն

Հունվարի 30-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) կազմակերպած ամենամյա ընթրիքին։ Իր ելույթում Մակրոնը խոստացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանել Ֆրանսիայի Հանրապետության օրացույցում, որը նրա նախընտրական խոստումներից մեկն էր։

«Արդարության և ճանաչման համար մղվող պայքարը մեր պայքարն է»,- ասել է Մակրոնը։

Ընթրիքին մասնակցել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, պատվոր հյուրն էր Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամ Կարո Փայլանը։

Մակրոնը ողջունել է Փայլանին՝ ասելով, որ Ֆրանսիան «աջակցում է խիզախ ձայներին»։

Միջոցառմանը CCAF-ի համանախագահներ Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը հորդորել են Մակրոնին ուղեկցել իրենց Լեռնային Ղարաբաղ այցի ընթացքում, ինչին Մակրոնը պատասխանել է, որ Փարիզը նախընտրում է «օգտակար լինել» հակամարտության կարգավորման հարցում և լսված՝ երկու կողմից էլ։

«Հուսամ՝ կգամ Ձեզ հետ այն ժամանակ, երբ այս ամենը կարգավորվի»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Էմանուել Մակրոնը այս տարվա հոկտեմբերին այցելելու է Հայաստան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին։

Մեկնաբանել