Իրանում կանայք բողոքի ակցիաներ են իրականացնում գլխաշորի՝ հիջաբի պարտադիր կրման դեմ։ Ինչպես փոխանցում է Guardian-ի իրանական թղթակիցը, ի նշան բողոքի՝ կանայք հանում են գլխաշորը, կապում այն փայտից և կանգնում հեռահաղորդակցության արկղի վրա։ Անհնազանդության այս գործողության համար Իրանում մի քանի կին բերման է ենթարկվել։
These two women are being hailed as heroes by many Iranians for protesting the compulsory hijab rule that has violated women’s rights in Iran for nearly four decades. pic.twitter.com/qSFOZpOkrg
— Golnaz Esfandiari (@GEsfandiari) January 29, 2018
Սոցիալական ցանցերում տեղադրվող լուսանկարներում երևում են կանայք, որոնք վերարտադրում են 31-ամյա Վիդա Մովահեդի՝ օրեր առաջ առաջին նման ակցիան իրականացրած կնոջ գործողությունը։
Մովահեդի նկարը արագ տարածվել է իրանցի օգտատերերի շրջանում՝ ուղեկցվելով հեշթեգով, որը թարգմանվում է «Էնղելաբի փողոցի աղջիկը»։
Արձագանքելով կանանց բողոքին՝ իրանցի հայտնի իրավապաշտպան Նասրին Սոթուդեհը գրել է․ «Ուղերձը հստակ է․ աղջիկներն ու կանայք հոգնել են պարտադրված հիջաբ կրելուց։ Թող կանայք իրենք որոշեն՝ ինչպես վարվել սեփական մարմնի հետ»։
Իրանական օրենսդրությամբ կանայք պարտավոր են հիջաբ կրել 1979-ի իսլամական հեղափոխությունից ի վեր։ Բազմաթիվ կանայք, հատկապես Թեհրանում, անտեսում են արգելքը։ Նրանք հրաժարվում են հիջաբից, օրինակ, մեքենա վարելիս՝ պնդելով, որ ավտոմեքենան իրենց մասնավոր տարածքն է, որտեղ կարող են ավելի ազատ լինել։
Լուսանկարում՝ Վիդա Մովահեդ