Արտագաղթի տեմպը նվազել է, ծնունդները՝ նույնպես

2017-ին Հայաստանից մեկնողների թիվը ժամանողների թվից ավելի է եղել 26 900-ով, սակայն 16 100-ով պակաս, քան 2016-ին։ Սակայն նվազել է ծնդունդների թիվը․ 2017-ին նախորդ տարվա համեմատ 2893-ով պակաս երեխա է ծնվել։

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2017 թվականի հունվար-դեկտեմբերին» զեկույցը։

2017-ին Հայաստանի սահմանային անցակետերով կատարված մուտքերի ու ելքերի տարբերությունը բացասական է՝ շուրջ 26 900, այսինքն՝ 2017-ին կրկին Հայաստանից ավելի շատ մեկնել են, քան ժամանել։ Այս թիվը սակայն նվազ է 2016-ի ցուցանիշից․ այդ տարի ժամանողների և մեկնողների բացասական հաշվեկշիռը կազմել էր 43 000։

Հայաստանի բնակչության թիվը 2017-ի վերջին կազմել է շուրջ 2,973 մլն մարդ, ինչն ավելի քան 13 000-ով պակաս է նախորդ տարեվերջի ցուցանիշից։

2017-ին ծնվել է 37 699 երեխա, ինչը 2 893-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից և ավելի քան 4 000-ով՝ 2013-ի ցուցանիշից։ Հայաստանում նաև շարունակում են նվազել ամուսնությունները և աճել ամուսնալուծությունները։

Հայաստանի բնակչությունը շարունակում է ծերանալ․ եթե բնակչության միջին տարիքը 2016-ին կազմել է 35,9 տարի, ապա 2017-ին արդեն՝ 36,2։ 2000-ին, օրինակ, միջին տարիքը եղել է 32,1, 1990-ին՝ 27,9։

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը Ֆեյսբուքում արձագանքել է մեկնողների և ժամանողների ներկայացված թվերին։ «Թեև դեռ դժվար է դրական արդյունք անվանել, կարելի է ենթադրել, որ զարգացման ներկա միտումների պահպանման պայմաններում, բնակչության արտահոսքն ու ներհոսքը Հայաստան 3-4 տարվա ընթացքում կհավասարվեն, և բնակչության նվազումը այլևս չի լինի երկրի անվտանգությանը սպառնացող օրհասական խնդիր»,- գրել է նա։

 

Իսկ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն արձագանքել է, որ նվազել է սեռերի հարաբերակցությունը մեկ հաշվարկային կետով՝ պահպանելով վերջին չորս տարիների տենդենցը։ Ըստ նրա՝ 2017-ին ծնվել է 110 տղա 100 աղջկա հաշվով, մինչդեռ այդ ցուցանիշն անցյալ տարի 111/100 էր։ «Իհարկե, դեռ շատ աշխատելու տեղ ունենք, բայց շարունակական նվազման տենդենցը ցույց է տալիս որ երևի թե ճիշտ ուղու վրա ենք»,- գրել է Հայրապետյանը։

Լիլիթ Աբովյան