Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ԵՄ ներկայացուցիչներին` Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։
Մարտիրոսյանը նշել է, որ տրանսպորտի միասնական համակարգի ծրագրերում կարևորում է ԵՄ աջակցությունը:
Նախարարը հույս է հայտնել, որ ընթացիկ ու դեռևս քննարկման փուլում գտնվող համագործակցության ծրագրերը բարեհաջող շարունակություն կունենան։
«Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է «Խելացի քաղաքի» կոնցեպտի ներդրմամբ Երևանի երթևեկության բեռնաթափման և Հայաստանում տրանսպորտային միասնական համակարգի ծրագրերը։
Նախարարը նշել է, որ այս երկու նախագծերում էլ չափազանց կարևորում է ԵՄ աջակցությունը, քանի որ դրանք իրականացնելու համար ոչ միայն ռեսուրսները, այլև փորձն է շատ կարևոր։
Կողմերն անդրադարձել են նաև ճանապարհային անվտանգության խնդիրներին` քննարկելով համագործակցության շարունակականությունը նաև այս ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։