Հայերի վերաբերմունքը ադրբեջանցիների հանդեպ գնալով կոշտանում է․ զեկույց

«Ոչ-կոմպրոմիսային տրամադրությունները գնալով ավելի են ամրապնդվում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Այդ վերաբերմունքը վտանգում է խաղաղ կարգավորման հեռանկարները»: Այս մասին գրում է Eurasianet-ի հոդվածագիր Ջոշուա Կուչերան։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում գնալով աճում են Ադրբեջանին զիջումների չգնալուն հակված տրամադրությունները։ Աճում է նաև հոռետեսական տրամադրությունը խաղաղության հնարավորության մասին. այս մասին է վկայում Կովկասի ինստիտուտի նոր զեկույցը:

Հայաստանում կոշտացող դիրքորոշումները ավելի նկատելի են վերջին մի քանի տարիների ընթացքում. միտում, որը նոր թափ առավ 2016 թ. ապրիլի ծանր մարտերից հետո, երբ 1994թ. հրադադարից ի վեր առաջին անգամ հայերը որոշ տարածքներ կորցրին:

2004թ. անցկացված հարցման համաձայն՝ հայերի երկու-երրորդը աջակցություն էր հայտնել հանուն խաղաղության Ադրբեջանին ինչ-որ զիջումների գնալու գաղափարին: Սակայն 2017թ. հետազոտությունը, ըստ զեկույցի, «ցույց է տալիս, որ փոխզիջման պատրաստակամությունը կտրուկ նվազել է»՝ ընդամենը 8 տոկոսն է կողմ արտահայտվել որոշ զիջումների գնալուն:

«Անզիջում վերաբերմունքը սովորական է դարձել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում,- գրում են զեկույցի հեղինակները:- Այս վերաբերմունքը վտանգում է խաղաղ կարգավորման հեռանկարները»:

Ադրբեջանցի անհատների հետ ընկերության գաղափարը նույնպես նվազել է: 2009թ. հարցումների համաձայն՝ հայերի 30 տոկոսը համարում էր, որ հնարավոր է ադրբեջանցու հետ ընկերությունը, մինչդեռ ադրբեջանցիների միայն 1 տոկոսն էր նույնն ասել հայերի մասին: «Այս տարբերությունը հսկայական անդունդ է, որը, ցավոք, վերջին տարիներին գնալով փակվում է»,- ասված է զեկույցում:

Զեկույցը նոր թիվ չի տալիս այդ տեսակետը հիմնավորելու համար, սակայն ցույց է տալիս զգալի անկում ադրբեջանցիների հետ գործարարությամբ զբաղվել ցանկացող հայերի թվում` 2009թ. մոտ 35 տոկոսից մինչև 2015թ. 17 տոկոս: Հայերի հետ գործարարությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ադրբեջանցիների թիվը, ինչպես և բարեկամություն անել ցանկացողների թիվը, այդ տարիների ընթացքում շարունակել է մոտենալ զրոյի։

Այս միտումը վատթարացել է երկու տարի առաջ տեղի ունեցած ծանր մարտերից հետո։ «2016 թ. ի վեր դրսևորվում է վերաբերմունքի արմատականացում: Մարդիկ ցանկանում են հակահարված տալ ադրբեջանցիներին, եթե վերջիններս նորից պատերազմ սկսեն: Մի կողմից մենք կորցրինք տարածքներ, մյուս կողմից` շատերն են ուզում վրեժխնդիր լինել և ցանկանում են հարցը վերջնականապես լուծել պատերազմի միջոցով»,- ասել է անանուն մի փորձագետ:

Մեկ հետաքրքիր մանրամասն. ղարաբաղցի երեխաները խաղերի ժամանակ բաժանվում էին «հայերի» և «թուրքերի» խմբերի («թուրք» և «ադրբեջանցի» եզրույթները հաճախ նույնականացվում են հայկական դիսկուրսում), բայց այժմ թշնամանքն այնքան լուրջ է, որ այլևս նման կերպ չեն բաժանվում»։

Զեկույցում կան նաև շատ այլ հետաքրքիր նրբերանգներ։ Պատերազմի հավանականության մասին հոռետեսությունը ավելի մեծ է Ադրբեջանի կամ Ղարաբաղի սահմանին մոտ բնակվողների մոտ՝ ի տարբերություն ավելի հեռու բնակվողների։ Թեև հայերի մեծամասնությունը չի աջակցում Ղարաբաղյան հարցի ռազմական տարբերակով «լուծմանը», նրանք, ովքեր աջակցում են, կա՛մ երիտասարդ են (18-24 տարեկան), կա՛մ 45-54 տարեկան՝ «1991-1994 թթ. ղարաբաղյան պատերազմին մասնակցած սերունդը»:

Հոռետեսության մեկ ազդեցություն. Ղարաբաղում և Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող Հայաստանի շրջաններից արտագաղթն ավելի լայնամասշտաբ է: Սակայն զեկույցը նշում է, որ դրա շուրջ խառը զգացողություններ կան. «Լեռնային Ղարաբաղից հեռանալը կենսամակարդակի բարելավման կամ գոնե ռիսկերը նվազեցնելու հնարավորություն է: Այնուամենայնիվ, քանի որ Լեռնային Ղարաբաղում զորակոչը պարտադիր է, տղամարդկանց՝ երկրից հեռանալը հաճախ համարվում է դասալքություն: Անկախ սեռից, արտագաղթող մարդիկ զգում են, որ կարծես բոլորին դավաճանում են»:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել