Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» (Economist Intelligence Unit – EIU) հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է իր «Ժողովրդավարության համաթիվ 2017» զեկույցը, ըստ որի Հայաստանը կրկին դասակարգվել է որպես «հիբրիդային ռեժիմ»։ 2016-ին Հայաստանը դասվել էր ավտորիտար երկրների շարքին, 2015-ին՝ դարձյալ «հիբրիդային», այսինքն ունի ժողովրդավարության և ավտորիտարության միջև գտնվող պետական համակարգ:
167 երկրների շարքում այս տարի Հայաստանը 111-րդն է (4․11 միավոր), 2016-ի զեկույցում 120-րդն էր (3.88 միավոր)։
Հարևաններից Վրաստանը 79-րդ տեղում է՝ «հիբրիդայինների» շարքում։ 2016-ին 78 -րդն էր։
Թուրքիան՝ «հիբրիդային» ռեժիմով 100-րդ հորիզոնականում է (4.88 միավոր)։
Ադրբեջանը դասակարգվել է որպես «ավտորիտար»՝ զբաղեցնելով 148-րդ տեղը․ դիրքն անփոփոխ է մնացել նախորդ տարվա համեմատ։
Իրանը նույնպես «ավտորիտար» է՝ 150-րդ հորիզոնական։
Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանը հայտնվել է «հիբրիդայինների» շարքում՝ պայմանավորված սահմանադրական փոփոխություններով, որոնցով կառավարման նախագահական համակարգից անցում է կատարում խորհրդարանականի։
Աշխարհում ամենաժողովրդավար պետությունների շարքը, ինչպես և 2016-ին, գլխավորում են Նորվեգիան, Իսլանդիան և Շվեդիան։ Իսկ ամենաավտորիտար եկրրները դարձյալ Հյուսիսային Կորեան և Սիրիան են։
Democracy Index 2017 by Daily Star on Scribd
Ստելլա Մեհրաբեկյան