Սահմանվել է կառավարության կազմը և կառուցվածքը

Կառավարությունը հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով նախատեսվում է, որ կառավարության կառուցվածքում ընդգրկվելու է 18 նախարարություն:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձել է նաև կառավարության նիստերի դռնփակության հետ կապված հարցին:

«Պետք է նշեմ, որ աշխարհում բոլոր երկրների կառավարություններն իրենց նիստերը գումարում են դռնփակ, և միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է հանրությանը տեղեկացնել որոշակի հարցի վերաբերյալ՝ վարչապետի որոշումներով կառավարության նիստերի որոշակի մասերն անցկացվում են դռնբաց: Միաժամանակ, կառավարության գործունեության թափանցիկությունն ապահովելու համար նախատեսվում է, որ վարչապետը պարտավոր է ապահովել հանրությանը կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը»,- ասել է նա:

Ըստ հիմնավորման` 2015 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ հստակեցվել է գործադիր իշխանության համակարգը, դրա համակարգային փոխհարաբերությունների շրջանակը ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի և իշխանության մյուս ճյուղերի հետ:

Օրինագծով սահմանվել է կառավարության կազմը և կառուցվածքը, ամրագրվել են կառավարության կազմավորման կարգի, ժամկետների, կառավարության անդամների լիազորությունների ստանձնման, կառավարության կազմում փոփոխությունները, կառավարության հրաժարականը կարգավորող դրույթներ:

Կարգավորվել են նաև կառավարության անդամների՝ վարչապետի, փոխվարչապետների, նախարարների իրավասությունները, նախատեսվել են դրույթներ կառավարության նիստերի, որոշումների ընդունման կարգի վերաբերյալ: Սահմանվել են նաև կառավարության անդամի պաշտոնի անհամատեղելիությանը և գործունեության երաշխիքներին վերաբերող դրույթներ:

Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Սահմանադրությունը նորովի կարգավորում ունի, որով անհրաժեշտ է հստակեցնել նախարարությունների ցանկը և կառավարության գործունեության կարգը:

«Ներկայում այդ հարցը կարգավորվում է երկու ակտով՝ կառավարության գործունեությունը կանոնակարգվում է Նախագահի հրամանագրով, իսկ նախարարությունների ցանկը սահմանվում է օրենքով: Ո՞րն է հիմնական կարգավորումը, որ մենք առաջարկում ենք: Կառավարությունը կազմավորված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից: Ընդ որում, կառավարությունը համարվելու է կազմավորված, եթե նշանակվել են կառավարության անդամների առնվազն 2/3-ը»,- ներկայացրել է Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ Սահմանադրությունը նախատեսել է մի շարք դրույթներ, թե ինչ ժամկետում պետք է առաջարկվեն կառավարության անդամների թեկնածուները, որն է վերջնաժամկետը, որպեսզի կառավարությունը ձևավորվի:

Օրինագծով նախատեսվում է, որ կառավարության կառուցվածքում ընդգրկվելու է 18 նախարարություն, սահմանվում է կառավարության անդամի երդում տալու նոր պահանջ: Սահմանվել են նաև դեպքերը, որոնց պարագայում վարչապետը պարտավոր է ներկայացնել հրաժարական:

Նշվել է նաև, որ ամրագրվել են մի շարք նորմեր, որոնք ապահովում են կառավարության անդամների գործունեության երաշխիքները, այդ թվում՝ սոցիալական:

Մեկնաբանել