Քյառթուի կերպարի շուրջ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը լույս է ընծայել հոդվածների ժողովածու՝ «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները արդի հայ արձակում» խորագրով։ Ժողովածում ներկայացված է նաև Աշոտ Գաբրիելյանի և Արքմենիկ Նիկողոսյանի հեղինակած «Քյառթուի կերպարը որպես անհանդուրժողականության ներկայացման միջոց արդի հայ արձակում» հոդվածը։ ՍիվիլՆեթը հոդվածից առանձնացրել է հատվածներ։

Արդյո՞ք քյառթուությունը կարելի է դիտարկել որպես ենթամշակույթ։ Խնդիրն էական է նրանով, որ ենթամշակույթ է համարվում հասարակության մշակույթի այն մասը, որը տարբերվում է գերիշխող մշակույթից. ենթամշակույթի կրողները խոսվածքով (ժարգոնի առատություն, բնորոշ բառեր, ռուսաբանություններ, օտարաբանություններ, գողական շեղալեզու), հագուստով (հիմնականում սև երանգների մեջ, զուսպ, երբեմն՝ ակնհայտ անճաշակ համադրություններ, ասենք՝ պիջակի և սպորտային շալվարի և այլն), երաժշտական ճաշակով (ռաբիզ, այսպես կոչված՝ բլատնոյ և այլն), ընդհանուր վարքագծով (կոնֆլիկտամետ, հաճախ՝ լպիրշ, բայց նաև՝ անկեղծ ու բռնկուն) տարբերվում են, եթե կարելի է այդպես ասել՝ գերիշխող կամ այսպես կոչված՝ բարձր մշակույթից։ Սակայն, երաժշտական ճաշակի օրինակով, պետք է նկատել, որ այն երաժշտությունը, որը հատուկ է քյառթուներին, ավելի մեծ լսարան ունի, քան մեկ այլ երաժշտություն, և խոսքը բնավ էլ փոփ-արտի մասին չէ։ Կարելի է ասել, որ քյառթուն ավելի շուտ հակադրվում է գերիշխող կամ բարձր համարվող մշակույթին և հանդիսանում է հակամշակույթ։ Հակամշակույթի հակադրվելու անընդհատական միտումն էլ ուղեկցվում է անհանդուրժողականության դրսևորումներով։

***

Քյառթուի համար իսկական ծաղկուն վայր էր խորհրդային հասարակարգը։ Հասարակարգի ձևը պարտադրված էր, ինչը չէր կարող հակազդեցություն չունենալ։ Խորհրդային հասարակարգում լայն տարածում ունեին մանր խուլիգանությունները, որոնք շատ դեպքերում հասարակության մի ստվար զանգվածի մոտ թաքուն հավանության էին արժանանում։ Հասարակարգին հակադրվելը դառնում էր մանր խուլիգանությունների առիթ։ Օրինակ՝ խորհրդային հասարակարգում պետական սպասարկման հաստատությունները դարձել էին թիրախներ մանր հանցագոր ծությունների համար։ Հիշենք, օրինակ, որ պետական սպասարկման տրանսպորտի միջոցները հանդիպում էին վանդալիզմի՝ փչացվում էին նստարանները և այլն։

Պետական վատ կառավարման մասին թեպետ բարձրաձայն չէր խոսվում, սակայն ստեղծվում էին այնպիսի օղակներ, որոնք ունեին իրենց «ճշմարտությունը» և այդ «ճշմարտությունն օրինականացվում» էր կալանավայրերում, քրեական և հանցագործ տարրերով շրջապատներում։ Այս «ճշմարտությունը» թափանցում էր նաև ընտանիքներ, հասարակության տարբեր շերտեր, և պետք է նկատել, որ բոլոր պետական պաշտոնյաներն էլ իրենց գործնական հարաբերությունները ակամա կառուցում էին այդ «ճշմարտության դեղատոմսերով»։

***

Առաջին հայացքից, քյառթուին վերլուծելիս նույնիսկ կարող է թվալ, թե գործ ունենք դրական երևույթի հետ, սակայն մեկ այլ դիտանկյունից նայելիս քյառթուի մեջ ամենախոտելի հատկանիշը կարող է հենց այդ դրականը լինել։ Պետք է նկատել, որ քյառթուի կերպարը մարտահրավեր է արժեհամակարգին հենց այն իմաստով, որ թեպետ լինելով կարծրացած ու կաղապարված կերպար, իբր ինքն է գնում նորարարությունների ետևից ու պատրաստ է խիզախումների։ Այս առումով երբեմն նրա հայացքները կարող են «հիմնավորված» թվալ, ինչն արդյունք է միջավայրի ընդհանուր ընկալունակության։

***

Նշենք քյառթուի մի քանի հատկանիշներ, որոնք առաջին հայացքից կարող են դրական թվալ, եթե, իհարկե, չենք խորացել այդ հատկանիշների քյառթուական ըմբռնման մեջ.

• ավանդապաշտությունը,

• մաքրակենցաղությունը,

• աստվածավախությունը,

• ճշմարտախոսությունը։

Ընդ որում, քյառթուի ավանդապաշտությունը դրսևորվում է ցածրարվեստ երաժշտությանը կամ ռաբիզին անդավաճան մնալու, ընտանեկան հարաբերություններում քրոջ նկատմամբ գերակայության և այլնի, մաքրակենցաղությունը՝ սեփական հագուստի հանդեպ բծախնդրության, սակայն փողոցը աղտոտելու մոլուցքի մեջ, աստվածավախությունը՝ սրբապատկերների հանդեպ հոգատարությամբ ու մարմնին խաչերի դաջվածքով, սակայն սեփական պատկերացումներով պատրաստ անգամ մարդ սպանելու, ճշմարտախոսությունը՝ զուտ «գողական աշխարհի» պատկերացումներով։

***

Ամեն դեպքում գործ ունենք խախտված արժեհամակարգի հետ, որում քյառթուի կերպարը դրսևորվում է որպես ծայրահեղի ու անհանդուրժողի, որն ունի իր «ճշմարտության» չափաբաժինը։ Այն, որ այդ «ճշմարտության» չափաբաժինը որոշակի արժեհամակարգի հետևանք է, այլ քննարկման նյութ է, սակայն այդ «ճշմարտությունը» նաև համակարգ է ստեղծում, ինչն ավելի ցցուն է երևում, երբ իրադարձությունները զարգանում են ընդհանուր հասարակությունից դուրս՝ բանակում կամ կալանավայրում։

Վերն ասվածը, և ոչ միայն, քննարկելու համար պետք է պատկերացում կազմենք նաև այն ընտանիքների սոցիալական դիրքի մասին, որոնցում ծնվել է քյառթուն։ Քյառթուն ձևավորվում էր խորհրդային, հետագայում նաև անկախ Հայաստանի այն ընտանիքներում, որոնք հեռու էին անգամ քաղքենի կոչվելուց։ Քյառթուի ընտանիքում կրթությունը համարվել է երկրորդական, կարևորվել են ընկերական, մտերիմ կապերը, որի օգնությամբ կարելի է սոցիալական դիրքի հասնել, խրախուսվել է պետության համար անընդունելի միջոցներով փող վաստակելը և այլն։

***

Անկախությունից հետո ազատ հարաբերությունների բնույթը Հայաստանում քյառթուության դրսևորման համար պարարտ հող էին։ Ընդ որում, այստեղ պետք է հատկապես շեշտել, որ քյառթուությունը հանդես էր գալիս ոչ միայն քյառթուների մոտ, այլ արտահայտվում էր ամենատարբեր խավերում։ Իբրև ընդհանրացում կարելի է ասել, որ քյառթուն հիմնականում երևանյան (այլ քաղաքներում կան դրա տարատեսակները երբեմն), 1995-ից ձևավորված երիտասարդական ենթամշակույթ է՝ ժառանգած շատ տարրեր խորհրդային «գողական», «ցեխավիկային» և «ռաբիզային» բարքերից, որոնց գումարվել է «աստվածավախությունը». այդ ենթամշակույթը, ինչպես շատ այլ ենթամշակույթներ (օրինակ՝ սևամորթներինը մի որևէ դաունթաունում, ԱՄՆ-ում), արտաքնապես «քարոզում» է այն նույն արժեքները, ինչ պահպանողականները՝ շաղախված ուրույն տեղային մշակութային տարրերով։

***

Քյառթուն դադարում է քյառթու լինել մեծ մասամբ դժվար կացության մեջ ընկնելով՝ արտագաղթելով կամ ծանր ֆինանսական դրության մեջ հայտնվելով կամ հիվանդանալով։ Քյառթուն արտասահմանում՝ խեղճացած փող խնդրելիս, կամ հիվանդանոցում հաճախ իրեն պահում է շատ ավելի համեստ, փորձում է խմբագրել, որքան կարող է։ Դա ցույց է տալիս, որ քյառթուությունը հաճախ լոպազության դիմակ է, ամրապնդված երիտասարդական շրջապատի ենթամշակույթի «մոդայով» (երբ շրջապատն օգնում է լինել այդպիսին, և դու էլ դարձնում ես շրջապատն է՛լ ավելի այդպիսին)։ Եթե քյառթուն մինչև կյանքի վերջ է այդպիսին մնում (կան օրինակներ), գուցե նա հաջողակ կյանք է ապրել՝ առանց մարտահրավերների։ Օրինակ՝ որոշ գեներալներ, եթե գողական չեն՝ քյառթու կարող են համարվել, սակայն ոչ-քյառթուն «նախագողական» մակարդակն է ու «նախագեներալային»։

**

Քյառթուն, բառի խոսակցական իմաստից եթե մեկնենք, ապա բարբառներում, սովորաբար այդպես են անվանում հիմնականում հին հացը։ Որոշ գյուղերում բառը կիրառվում է նաև «չոր» իմաստով։ Այսպես թե այնպես, բառի կիրառական իմաստը լավագույնս է բնորոշում «քյառթու»-ի էությունը՝ չոր, հին կամ ավելի ստույգ՝ կարծրացած: Այս իմաստով պետք է ձևակերպել հետևյալը՝ քյառթուն, անկախ ամեն ինչից, անհանդուրժող է, քանզի այն ամենը, ինչ չի համընկնում կյանքի, այսպես կոչված՝ իր պատկերացումներին, նա դրանց հանդեպ ունի ընդգծված անհանդուրժողական վերաբերմունք։

***

Քյառթուներին բնորոշ է որոշակի առանձնացող բառապաշար, այսպես կոչված՝ սլենգ, որը փոփոխվում է տարբեր ժամանակներում և մեծապես պայմանավորված է ժամանակի թե՛ հասարակական-քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ մշակութային զարգացումների բնույթով։ Վերջերս հայալեզու կայքերից մեկը ներկայացրել էր ժամանակակից քյառթու լեզվին բնորոշ մի բառախումբ, որը խոսուն է այդ առումով.

«Ցբխել — շատ ուժեղ կոտրել, հարվածել, քարուքանդ անել։ Հորս արև արա — արտահայտություն, որ ասում է ամեն ինչ և չի ասում ոչինչ միաժամանակ։ Լռվել — մի տեղ երկար ժամանակ մնալ։ Ղժժալ — շատ ուժեղ ծիծաղել։ Տժժալ — հաճելի ժամանակ անցկացնել։ Սֆթուց — սկզբից։ Կիշկվել — շատ ուտել։ Բոց — արտասովոր, տարօրինակ, յուրահատուկ։ Աբրանք — իր կյանքի իմաստը չգտած անձնավորություն։ Մանավանդ, եթե սրան գումարում ենք այլ ստուգաբանություններ՝ նույն «քերթել» բառը, օրինակ։ Ծնգցնել — ինչ-որ բաժանորդին մեկ զանգի տեսքով հասկացնել, որ հետ զանգի։ Խուրդվել — անիմաստ բանակցել, զրուցել։ Լյոքշը խրել ա — պարապուրդ, ուղղակի դատարկ անցնող ժամանակ։ Քյալ — մարդկային հարաբերություններում տհաս մարդ։ Բիթի — մարդկային հարաբերություններում հմուտ մարդ։ Գյաբռլամիշ եղա — անհաջող ընկա։ Ոտ ուտել — տակը փորել։ Տապոռ — հաստակող, իր ասածի, կոմպրոմիսի չգնացող մարդ։ Շմոն — խուզարկություն» և այլն:

Լեզվի գործոնը հատկապես կարևոր է գրականության մեջ քյառթուի կերպարն ու ընդհանրապես քյառթուությունը ներկայացնելու առումով։

***

Քյառթուի համար պարզապես անփոխարինելի և չափազանց հարմարավետ տարածություններ են փակ համարվող տարածությունները, մասնավորապես՝ կալանավայրերը և բանակը, որտեղ նրանց այսպես կոչված «ճիշտը» գերիշխող է։ Դա էլ, ի վերջո, դառնում է տարբեր անհանդուրժողականությունների դրսևորման պատճառ։ Ընդ որում, քյառթուի դրսևորած անհանդուրժողականությունները շատ հաճախ վերաճում են անհանդուրժողականության հենց իր դեմ։ Քյառթուի հանդեպ երբևէ ի հայտ եկող ակնածանքը հետևանք է նաև կալանավայրերի «հզորների» հանդեպ խորհրդավորության զգացողության։ Երբեմն հեղինակները ևս տրվում են այս խորհրդավորությանը և չեն թաքցնում իրենց ակնածանքը՝ ակամա արդարացնելով տվյալ բարքերում մարդկանց նման դրսևորումները։

***

Կարելի է ասել, որ քյառթուությունը բանակում պարզունակ իրացված գողականն է՝ թյուրընկալումներով, կեցվածքի գերակայությամբ, որը հանգեցնելով անխուսափելի անհանդուրժողականության՝ ուղեկցվում է ողբերգություններով, ճակատագրերի կործանմամբ։ Եվ այս առումով, եթե այլ դեպքերում հնարավոր է խոսել քյառթուի և քյառթուության այսպես ասած՝ անշառության մասին, ապա բանակային միջավայրում դա իսկական աղետ է։

***

Որքան էլ քյառթուն որպես երևույթ ներկայացվում է որպես հայ հասարակությանը բնորոշ իրողություն, այնուամենայնիվ, կան տեսակետներ, որ դա դրսեկ միջամտություն է մեր նկարագրին։ Այդպիսի մի տեսակետ վերջերս հանդիպեց նաև համացանցային գրառումներից մեկում. «Քյառթու» բառն ինքնին ունի թուրքական ծագում, ինձ թվում է՝ մանրանալու խնդիր չկա։ Նրանք միշտ հագնում են սևին մոտ գունային գամմայով հագուստ և երկար քթով կոշիկներ։ Նայելով հետ՝ կտեսնենք, որ թե՛ խորհրդային ժամանակաշրջանում, թե՛ դրանից առաջ երբեք նման հագուստ չեն կրել, իսկ մեր տարազը շատ վառ գունային երանգներ է ունեցել։ Նրանց լեքսիկոնի բառերն են «քուչա, բազառ, խարեբ, մուղամ, կիլդիմ» և նմանատիպ բառեր, որոնք հայերենի հետ ոչ մի կապ չունեն։ Լսում են արևելյան, ավելի կոնկրետ թուրքական երաժշտություն։ Մտածելակերպը հաստատ հայկական չէ, արևելյան չկայացած շեյխի գաղափարներ են։ Աշխատավոր հայը երբեք ժամանակ չի ունեցել քուչում պպզելու և երկու դույլ թքելու։ Չխոսեմ հարգանքից և մնացած այլ բաներից»:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ։