Սերժ Սարգսյանը անփոխարինելի է

Տասը տարի Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Սերժ Սարգսյանը պատրաստվում է ընտրախախտումներով փոփոխված Սահմանադրությամբ շարունակել իշխել Հայաստանում։ Որպեսզի հայ ժողովուրդը կասկած չունենա, որ հենց Սերժ Սարգսյանն է լինելու Հայաստանի իրական առաջնորդը առաջիկա տասնամյակներում ևս, վարչապետի նստավայրը տեղափոխվում է Բաղրամյան 26՝ նախագահական պալատ։

Ամիսներ շարունակ իշխող Հանրապետական վերնախավը և կոալիցիոն ու ոչ կոալիցիոն գործընկերները հայ ժողովրդի գիտակցության մեջ ներարկում են Սերժ Սարգսյանի անփոխարինելիության միֆը, որը, տվյալ դեպքում դառը իրականություն է։ Խելացի, համաշխարհային ազգին ստորացնելու գուցե այլ միջոցներ էլ կան, բայց այս մեկը հանճարեղ է՝ Սերժ Սարգսյանը անփոխարինելի է։

Սերժ Սարգսյանը անփոխարինելի է, քանի որ միայն, հավանաբար միայն նրա նախագահության 10 տարիներին հնարավոր կլիներ 373 հազար մարդու պանդխտության ճանապարհել։ Ազգի մասին մտածող կուսակցական-քաղաքական, հասարակական գործիչներին, Սփյուռքի կառույցների վերնախավին արտագաղթը բացարձակապես չի հետաքրքրում։ Եթե անգամ հետաքրքրում է, ապա նրանք տրտնջում են խոհանոցներում կամ հաստ պատերի ներքո։ Բարձրաձայնելու այլ խնդիրներ կան՝ Ադրբեջանն է շեղվել ժողովրդավարության ուղուց և դարձել սպառնալիք Հայաստանի համար, Թուրքիան ու Էրդողանն են շեղվել, ու դա էլ է սպառնալիք։

Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, քանի որ հավանաբար միայն նրա նախագահության 10 տարիներին հնարավոր կլիներ պետական պարտքը ավելի քան եռապատկել՝ 2 միլիարդից հասցնելով 6․5 միլիարդի, նույն մակարդակի վրա պահել մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը, թեև ոչ զգալի, բայց ավելացնել գործազրկության ու աղքատության մակարդակը, ի վերջո՝ ամայի տարածքներ կորցնել։

Սերժ Սարգսյանը անփոխարինելի է, քանի որ միայն նա կարող էր այսպես ամուր կապել Հայաստանի շղթաները Կրեմլի պատերից, Հայաստանին դարձնել Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Պուտինի նկարած մի կառույց, որը ոչ միություն է, ոչ տնտեսական է և ոչ էլ եվրասիական։

Սերժ Սարգսյանը անփոխարինելի է, քանի որ միայն նա կարող է նախագահի պաշտոնին մնալ երկու անգամ անընդմեջ, չստանալ հայ ժողովրդի քվեն, բայց ժողովրդավարական քաջալերանքներ ստանալ Եվրոպայից ու Միացյալ Նահանգներից։ Ազգընտիր Լևոն Տեր-Պետրոսյանին ու Արցախից եկած Ռոբերտ Քոչարյանին դա չէր հաջողվում։

Նա կարող է անցնել Մարտի 1-ի ճանապարհով, բայց այնպես անել, որ ոճիրը մնա Քոչարյանի ու հանուն Սերժ Սարգսյանի նախագահության Մարտի 1 կազմակերպելու նրա ընկերների ուսերին։

Նա, միայն նա կարող է Մոսկվայից բերել վարչապետ, Լոնդոնից՝ նախագահ, բայց ինքը մնալ միահեծան իշխանություն՝ զվարճանք ու հիացմունք պատճառելով հանրությանը

Նա կարող է Սահմանադրություն փոխել հանուն Հայաստանի ժողովրդավարացման, ստանալ միջազգային կառույցների աջակցությունը, բայց մնալ իշխանության հենց այդ սահմանադրական փոփոխությունների հաշվին։

Նա, միայն նա կարող է Մոսկվայից բերել վարչապետ, Լոնդոնից՝ նախագահ, բայց ինքը մնալ միահեծան իշխանություն՝ զվարճանք ու հիացմունք պատճառելով հանրությանը։

Սերժ Սարգսյանի կենսագիրը այլ առաքինություններ ևս կմատուցի արտագաղթից մաշվող, պարտքերի տակ ճկվող Հայաստանի ժողովրդին։

Բայց մեկ հարցում Սերժ Սարգսյանը, ինչպես ամեն մահկանացու, պատասխան է տալու։ Անկասկած, նա կարող է 5 կամ 10 տարի վարչապետ մնալ, ապա նոր սահմանադրական փոփոխություններով՝ հանուն Հայաստանի ժողովրդավարացման, ընդլայնել նախագահի լիազորությունները, ապա ևս 5 կամ 10 տարի իշխել նախագահի պաշտոնում։

Նա պատասխան է տալու հայ ժողովրդի պատմության առաջ։ Ու քանի դեռ Սերժ Սարգսյանն ու նրա իշխանությունը անխորտակելի են՝ և՛ սահմանադրական ճանապարհով, և՛ ուժով, մտահոգ և ոչ անտարբեր հայերի համար մխիթարանք է լինելու պատմության դատաստանը։

Մեկնաբանել