Փետրվարի 6-ին ԵԱՀԿ միջնորդները կայցելեն Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Ադրբեջան տեղի կունենա փետրվարի 6-ին, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Հաջորդ օրը նախատեսվում են միջնորդների պաշտոնական հանդիպումները։

Ըստ ադրբեջանական ԱԳՆ-ի, «այցի նպատակն է ինտենսիվ և սուբստանտիվ բանակցությունների շարունակումը»։

Միջնորդների այցի նախաշեմին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի միջև։ Հաղորդվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։ Այն մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվել է առանձնազրույցի ձևաչափով։

Հանդիպմանը շարունակվել են անցյալ դեկտեմբերին կայացած քննարկումները՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիների շուրջ։ 

Սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը։

Հանդիպման արդյունքում որոշվել է, որ փետրվարի առաջին կեսին եռանախագահները կայցելեն տարածաշրջան։

Փետրվարի 1-ին Իտալիայի իր պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարծում է՝ ԵԱՀԿ-ն կարող է ԼՂ հակամարտությունում իրագործել այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ կողմերն ավելի վաղ համաձայնության էին եկել։ Լավրովի խոսքով՝ կողմերը մոտ են շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման շուրջ պայմանավորվածությունը կյանքի կոչելու նպատակով հստակ պարամետրերի համաձայնեցմանը։

Լավրովի հայտարարության նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովն ասել էր, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ ակտիվորեն հանդես է գալիս շփման գծում լարվածության նվազման դեմ և ջանքեր է գործադրում՝ ուղղված հակամարտության գոտում դիտորդների առաքելության ընդլայնմանը։