Ինչպիսին կլինի Երևանի նոր տրանսպորտը

Երևանի փոխքաղաքապետ, հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանաքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանն այսօր հրավիրած ասուլիսին խոսել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի մասին: ՍիվիլՆեթն առանձնացրել է ասուլիսին հնչած կարևոր մտքերը:

Վահե Նիկոյան

939 ավտոբուս և 111 տրոլեյբուս

Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծով նախատեսվում է ունենալ 939 ավտոբուս և 111 տրոլեյբուս: Ըստ Նիկոյանի` դա բարարար է ապահովելու Երևանի ուղևորների սպասարկումը: Նախատեսված 42 երթուղիներն ընդգրկելու են մայրաքաղաքի ողջ տարածքը:

Միկրոավտոբուսներ

Նոր ցանցը գծվել է միկրոավտոբուսների բացառման սկզբունքով: Նախատեսվում են խիստ չափորոշիչներ ավտոբուսների համար։Օրինակ, շահագործման ժամկետը լրացած տրանսպորտային միջոցներ չեն կարող գործարկվել, տրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն անվտանգության, հարմարավետության պահանջներին, ինչպես նաև՝ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց կարիքներին:

Վերահսկողություն

Փոփոխությունների արդյունքում վերանալու է «գծատեր» երևույթը: Լիազորությունների գերակշիռ մասը, հավաքման և վերահսկման մեխանիզմների պատասխանատվությունը ստանձնելու է մեկ կենտրոնական մարմին:

Կրճատումներ

Կրճատումներ չեն նախատեսվում, վարորդները կաշխատեն հերթափոխով:

Սակագին

Նիկոյանն ասել է՝ առաջնային է, որ ընդհանուր սակագնի մատչելիությունը շարունակի մնալ այն մակարդակի վրա, ինչ-որ կա։ «Գործընթացը կլինի բաց ու թափանցիկ: Մեկ ուղևորության համար մարդը կվճարի մեկ անգամ, այս սկզբունքն է դրված՝ անկախ նրանից թե քանի երթուղի է փոխելու»:

18 մետրանոց ավտոբուսներ

Միջազգային փորձից ելնելով՝ առաջարկվել է համակցված 18 մետրանոց ավտոբուսներ` 42-ից 12 երթուղիներում: Մեծ տեղատարողության ավտոբուսների շահագործումը պարզ հաշվարկ է, ենթադրում է ծախսերի նվազեցում: Մենք այս փուլում պետք է իրականացնենք փորձարկում և հետազոտություն, թե շահագործումը որքանով է իրատեսական: Դեռ պարզ չէ, թե ի՞նչ վառելանյութով է տրանսպորտն աշխատելու՝ դիզելով, բենզինով, թե գազով:

Չափորոշիչներ վարորդների համար

Քաղաքապետարանը հանրային կարծիքի ուսումնասիրություն է անելու, թե բնակչությունն ինչ պահանջներ ունի վարորդներից։ Եթե տարիքային հարցը դիտվի որպես խնդիր, չի բացառվում, որ այն ընդգրկվի չափորոշիչներում:

Ալինա Նիկողոսյան

Մեկնաբանել