Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է. Նալբանդյան

«Ազատություն» ռադիոկայանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հարց է ուղղել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարության մասին։

Թուրքիայի արտգործնախարարը պոպուլիզմ է որակել Ֆրանսիայի Նախագահի վերջին ելույթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հնչեցված դրույթները։ Ինչ կասեք դրա վերաբերյալ։

Թուրքիայում չեն կարող չգիտակցել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է: Պարզ է, որ շուրջ մեկ դար շարունակվող ժխտողական քաղաքականությունը ձախողվել է, սակայն Թուրքիան դեռ կառչած է մնում կարծրատիպերից:

Անկարան չի խորշում աղավաղել ոչ միայն պատմական փաստերը, այլև ներկա իրողությունները՝ այդ թվում խեղաթյուրելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները:

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի կողմից Թուրքիայի վարչապետին ուղղված բաց նամակում իրավացիորեն նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը լայնորեն վավերագրված է Միացյալ Նահանգների և այլ երկրների, ներառյալ պատերազմական ժամանակաշրջանում Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի հազարավոր պաշտոնական փաստաթղթերում, ականատես դիվանագետների, միսիոներների, ցեղասպանությունը վերապրածների վկայություններում, տասնամյակների բազմաթիվ պատմագիտական և իրավական ուսումնասիրություններում, անգամ Օսմանյան ռազմական տրիբունալի արխիվներում:

Արժանահիշատակ է, որ ի թիվս շատ այլ երկրների Գերմանիան և Ավստրիան ոչ միայն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այլ նաև ընդունել են պատասխանատվության իրենց բաժինը՝ որպես այդ ժամանակաշրջանում Թուրքիայի դաշնակիցներ:

Միջազգային հանրության կողմից բազմիցս է շեշտվել, որ Ցեղասպանության ժխտողականությունը պարարտ հող է ստեղծում մարդկության դեմ հանցագործությունների կրկնության համար: Հայոց ցեղասպանության ճանաչողներին «պոպուլիստ» անվանելու փոխարեն, Անկարան պետք է հրաժարվի իր ժխտողական քաղաքականության վտանգավոր պոպուլիզմից, քաջություն ցուցաբերի սեփական անցյալին առերեսվելու համար: