«Թեղուտի» հանքավայրի շուրջ 1200 աշխատողները կրճատվում են

Թեղուտի պղնձի հանքավայրը շահագործող «Վալլեքս» խումբը հայտարարել է, որ իր 1200 աշխատակիցներին չի կարող ապահովել նախկին աշխատանքով։

«Վալլեքսի» տարածած հայտարարությունում նշվում է, որ ընկերությունը ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից ու համապատասխան արտադրանք թողարկելուց։

«Տևական կանգառի պայմաններում ընկերությունը, ցավոք, չի կարող ներկա շուրջ 1200 աշխատողներին ապահովել բավարար ծանրաբեռնվածությամբ աշխատանքով ու համապատասխան վաստակով՝ նախկին ծավալներով։ Ավելին, չունենալով դրամական միջոցների այնպիսի աղբյուր, ինչպիսին թողարկվող արտադրանքի իրացումից ստացվող եկամուտներն են, ընկերությունը, ստիպված, կայացրել է դժվարին, սակայն ներկա պայմաններում միակ հնարավոր որոշումը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով՝ գործատուի նախաձեռնությամբ, լուծել աշխատողների մեծամասնության հետ կնքված աշխատանքային պայմանագրերը»։

Հայտարարությունում նաև նշվում է, որ այս օրերին աշխատանքային հարաբերությունները օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հաստիքների և աշխատողների թվաքանակի կրճատման հիմքով երկու ամիս հետո լուծելու վերաբերյալ ծանուցումներ են ստանում ընկերության գրեթե բոլոր աշխատակիցները:

Ստեղծված պայմաններում ընկերությունն անցնում է իր տարածքի և գույքի պահպանության առավել խստացված ռեժիմի: Նախատեսվում է տարածքի պահպանության գործառույթը վստահել Հայաստանի Հանրապետությունում մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզիա ունեցող մասնագիտացված կազմակերպության, որը դա կիրականացնի օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով:

«Վալլեքսի» մեկ այլ հաղորդագրությունում նշվում է, որ խմբի հայաստանյան և արցախյան ընկերություններում ներկայում աշխատում է մոտ 4,000 մարդ:

«Վալլեքս» խմբի հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։

Բնապահպանները հունվարին զգուշացրել էին, որ Թեղուտի պոչամբարի ամբարտակն ունի ճաքեր, և թունավոր ջրերը լցվում են Շնող գետը։

Ստորև ծանոթացեք ՍիվիլՆԵթի՝ Թեղուտի հանքավայրի թեմայով նյութերին․

Թեղուտ. դանիական խնդրահարույց ներդրումը Հայաստանում

Թեղուտում դադարեցվում է դանիական ֆինանսավորումը՝ ՍիվիլՆեթի հետաքննության շարունակության արդյունքում

Թեղուտ. օրենքից դուրս. փաստավավերագրական ֆիլմ

Թեղուտ. գետը պոչամբարի ճիրաններում. մաս 1

Թեղուտ. գետը պոչամբարի ճիրաններում. մաս 2

Մեկնաբանել