1,4 միլիարդ դրամ՝ կոռուպցիայի դեմ․ ինչպես են ծախսվելու գումարները

Ոստիկանության, հարկային և մաքսային, ինչպես նաև կրթության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարելու համար կառավարությունը նախատեսում է բյուջեից ծախսել 1,4 միլիարդ դրամ կամ մոտ 2,9 միլիոն դոլար։

Ով է մշակել փաթեթը

Հատկացումները տեղ են գտնելու ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրում։ Հունվարի 18-ին փոփոխությունը հաստատվեց կառավարության կողմից։ Փաթեթը մշակվել է չորս անկախ փորձագետների կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) ֆինանսական աջակցությամբ։

Մաքսային և հարկային ոլորտ

40 միլիոն դրամով կիրականացվի մաքսային ոլորտում հակակոռուպցիոն բարեփոխումների հանրային իրազեկման քարոզարշավ։

25 միլիոն դրամ տարեկան գումարով կառավարութունը նախատեսում է հակակոռուպցիոն թեստեր պատրաստել հարկային և մաքսային ծառայողների համար, ինչպես նաև նրանց սովորեցնել բարեխղճության կանոնները։

20 միլիոն դրամ կհատկացվի հարկային և մաքսային ծառայությունների մասին հետազոտությունների իրականացման ընթացակարգերի գործարկմանը։

10 միլիոն դրամով նախատեսվում է ներդնել «Կապույտ ուղի» ընթացակարգը, որը ենթադրում է ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումից հետո փաստաթղթերի ու տվյալների ստուգում՝ ռիսկերի կառավարման համակարգի կողմից տրված ցուցումներին համապատասխան։

7,5 միլիոն դրամով կներդրվի առցանց հաշվիչ, որը հնարավորություն կտա պարզել, թե ինչ կարժենան ներմուծվող ավտոմեքենայի համար մաքսային վճարներն ու հարկերը։

Ոստիկանություն

Ոստիկանության համակարգում հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում նախատեսվում է իրականացնել վերապատրաստումներ և տրանսպորտային միջոցներ ձեռք բերել։

684 միլիոն դրամ կհատկացվի ոստիկանների համար տրանսպորտային և բջջային հեռախոսակապի ծախսերի փոխհատուցման համար։ Յուրաքանչյուր օպերլիազորի կփոխհատուցվի տրանսպորտային և բջջային կապի տարեկան ծախսերը՝ համապատասխանաբար 370 000 և 42 000 դրամի չափով, իսկ հետաքննիչիներին՝ 248 000 դրամ տրանսպորտային ծախսերի և 30 000 դրամ՝ հեռախոսակապի համար։

260 միլիոն դրամ նախատեսվում է ոստիկաններին տեսախցինկեր և տրանսպորտային միջոցներ տրամադրելու համար։

16 միլիոն դրամով անձնագրային բաժիններում կտեղադվեն հերթերը կանոնակարգող տերմինալներ։

1,5 միլիոն դրամով կվերագործարկվի անձնագրային վարչության կայքը։

2 միլիոն դրամ կհատկացվի ոստիկանների հակակոռուպցիոն վերապատրաստման ծրագրին։

6,2 միլիոն դրամ կհատկացվի ոստիկաններին «Էթիկայի» ծրագրով վերապատրաստելու համար։

Կրթություն

35 միլիոն դրամ կհատկացվի կրթության ոլորտում կոռուպցիան նվազեցնելու նպատակով հասարակագիտության և պատմության 2700 ուսուցիչների համար դասընթացներ կազմակերպելուն։

30 միլիոն դրամով Ազգային գրադարանում կստեղծվի պաշտպանված ատենախոսությունների բազա։

20 միլիոն դրամ կհատկացվի բուհերի համար էլեկտրոնային համակարգ ստեղծելուն, որը թույլ կտա պարզել՝ դիպլոմը տրվել է հավատարմագրված բուհի կողմից, թե ոչ։

(շարունակելի)

Գևորգ Թոսունյան

Լուսանկարում՝ Երևանի Ազատության պողոտային կից դղյակները, որոնք պատկանում են ներկա և նախկին պաշտոնյաների։

Մեկնաբանել