«Գազպրոմը» Թբիլիսիի դատարանում կպարզաբանի Վրաստանի հետ համաձայնագրի գաղտնիությունը

Փետրվարի 1-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը, քննելով «Ազգային միացյալ շարժում» (ԱՇԿ) կուսակցության հայցը կառավարության դեմ, որոշել է «Գազպրոմ» ռուսաստանյան գազային հսկայի ներկայացուցչին հարցաքննել դեպի Հայաստան Վրաստանի տարածքով գազի տարանցման համաձայնագրի գաղտնիության վերաբերյալ։ Կառավարության պնդմամբ՝ գաղտնիության պայմանն առաջ է քաշել հենց ռուսական կողմը։

Նախկինում գործող համաձայնագրով, Վրաստանը ստանում էր Հայաստանին մատակարարվող գազի 10 տոկոսը, սակայն անցյալ տարի «Գազպրոմի» նախաձեռնությամբ պայմանները վերանայվել են։ Նոր համաձայնագրով «Գազպրոմը» տարանցման դիմաց վճարում է ոչ թե գազով, այլ փողով։

Վրաստանի ընդդիմությունը խստորեն քննադատել է նոր համաձայնագիրը՝ պնդելով, որ գաղտնիության հղումը կառավարության կողմից հնարք է՝ իր ռազմավարական ձախողումը կոծկելու համար։ ԱՇԿ խմբակցության առաջնորդ Ռոման Գոցիրիձեի խոսքով՝ տարանցման դրամայնացումը պետության համար ունեցավ «ողբալի» հետևանքներ։

«Մենք պահանջում ենք գաղտնազերծել փաստաթուղթն ու ստեղծել խորհրդարանական հանձնաժողով, սակայն իշխանությունները հղում են անում համաձայնագրի գաղտնիությանը։ Ընթացիկ տարում Վրաստանն ամբողջությամբ հրաժարվել է ռուսական գազից։ Կարծում ենք, որ պատճառն այն է, որ տարանցումից ստացված միջոցներով կարելի է ձեռք բերել նախկին ծավալների միայն 30 տոկոսը։ Այդ պատճառով էլ իշխանությունները խուսափում են հանրայնացումից։ Ի ուրախություն մեզ՝ դատարանը բավարարել է մեր հայցը և համաձայնագրի գաղտնիությունը պարզաբանելու համար կանչել է «Գազպրոմի» ներկայացուցչին»,- ասել է Գոցիրիձեն։

Վրաստանի կառավարությունն իր հերթին ընդդիմության փաստարկներն «անհիմն» է համարում։

«Այդ թվերը հիմք չունեն և կտրված են իրականությունից, քանի որ ոչ ոք տեղյակ չէ համաձայնագրի մանրամասներից։ Վստահեցնում եմ, որ համալիր համաձայնագրի կնքմամբ Վրաստանը հասել է մեր կողմի ծառայությունների դիմաց առավելագույն վճարի»,- ասել է Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գեորգի Չիկովանին։

2017թ․ հունվարի 11-ին Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն «Գազպրոմ Էքսպորտ»-ի ղեկավարության հետ բանակցությունների երրորդ փուլից հետո հայտարարել էր, որ կառավարությունը «օպտիմալ որոշում» է կայացրել՝ ընդունելով «Գազպրոմ»-ի պայմանները Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման վերաբերյալ։ Ըստ համաձայնագրի՝ երկամյա համաձայնագրի առաջին տարում մասամբ կպահպանվի տարանցման դիմաց գազով վճարումը, իսկ երկրորդ տարում անցում կկատարվի ամբողջությամբ փողով վճարմանը։ Վրաստանում ռուսաստանյան ընկերության հետ գործարքի դեմ բողոքի մեծ ալիք էր բարձրացել։

Վրաստանյան իշխանությունները հայտարարում էին, որ «Գազպրոմ»-ի հետ կնքված համաձայնագիրը «առևտրային գաղտնիք է», սակայն հնարավորության դեպքում կհանրայնացնեն այն։

Վերջերս Վրաստանը հայտարարել է, որ վերջնականապես հրաժարվել է ռուսաստանյան գազից․ վառելիքի այդ տեսակի պահանջը, ըստ Վրաստանի իշխանությունների, ամբողջությամբ բավարարում է Ադրբեջանը։

Լուսանկարում՝ բողոքի ակցիա Վրաստանում ընդդեմ «Գազպրոմի» հետ համաձայնագրի

Մեկնաբանել