Ալիևը որոշել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել Ադրբեջանում

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

Ինչպես նշում է Turan գործակալությունը, նա առաջնորդվել է Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասով և Ընտրական օրենսգրքի 179-րդ հոդվածով։

Ադրբեջանի նախագահը արտահերթ ընտրություններ նշանակելու հարցում միանձնյա որոշում կայացնելու իրավունք է ստացել 2016թ․ սեպտեմբերին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում։

Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին, որ ընտրությունները կանցկացվեն 2018թ․ հոկտեմբերի 17-ին։

Իլհամ Ալիևի որոշման դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկ շաբաթից ոչ ուշ ժամանակահատվածում որոշում կընդունի երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

Անցյալ շաբաթ Իլհամ Ալիևը չորրորդ անգամ առաջադրել է իր թեկնածությունը երկրի ղեկավարի պաշտոնում։

Մեկնաբանել