Ալիևը շտապում է կեղծել ընտրությունները․ Ադրբեջանի ընդդիմության մեկնաբանությունը

Ադրբեջանի ընդդիմության առաջնորդները մեկնաբանել են նախագահ Իլհամ Ալիևի՝ ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշումը։ 

Այսպես՝ Ադրբեջանի «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլին ասել է, որ այդկերպ Ալիևը փորձում է ձեռքում պահել իշխանությունը։ Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունների անցկացման «որևէ անհրաժեշտություն չկար»։

«Երեք շաբաթ առաջ պաշտոնական հայտարարություն կար, որ հերթական նախագահական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 17-ին։ Արտահերթ ընտրությունների նշանակումը վկայում է իշխանությունների ինչ-ինչ գաղտնի մտադրությունների մասին»,- ասել է Հասանլին՝ հավելելով, որ սոցիալ-տնտեսական դրության վատթարացումը նպաստում է իշխանության հեղինակության «անշեղ անկմանը»։ Կուսակցությունը պետք է քննարկի իրավիճակն ու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու որոշում ընդունի։

«Մուսավաթի» նախկին առաջնորդ և կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Իսա Ղամբարն էլ կարծում է, որ իշխող վարչակարգը հասկանում է՝ եթե ընտրություններն անցկացվեն հոկտեմբերին, այդ ժամանակ բնակչության սոցիալ-տնտեսական և քաղաքական դժգոհությունն ավելի մեծ կլինի։

«Այդ դեպքում շատ ավելի դժվար կլինի կեղծել ընտրությունները և պահել իշխանությունը բռնի միջոցներով»,- Turan գործակալությանն ասել է Ղամբարը։

Վերջինս վստահ է՝ ճգնաժամի խորացումը և այն հաղթահարելու իշխանությունների անկարողությունը, պուտինյան վարչակարգի դիրքերի թուլացումը Արևմուտքի ճնշման տակ նպաստում է Ադրբեջանի իշխող վերնախավի դիրքերի սասանմանը։

«Նրանք շտապում են կեղծել նախագահական ընտրություններն ու երկարացնել իշխանությունը»,- ասել է Ղամբարն ու նշել, որ կուսակցությունից դեռ 2014թ․ իր թեկնածության առաջադրումն ուժի մեջ է։

 

Լուսանկարում՝ Իսա Ղամբարը տեսակցում է ազատազրկված ընդդիմադիր Իլգար Մամեդովին