Ադրբեջանը մոտեցնում է ընտրությունները Հայաստանին․ «Կոմերսանտ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հրամանագիր է ստորագրել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Ըստ այդմ՝ ընտրությունները կանցկացվեն ոչ թե հոկտեմբերի 17-ին, այլ ապրիլի 11-ին և գրեթե կհամընկնեն Հայաստանում վարչապետի թեկնածության հաստատման հետ։ Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը անդրադարձել է թեմային՝ «Ադրբեջանը ընտրությունները մոտեցրել է Հայաստանին» վերնագրով հոդվածում։ Թերթի զրուցակիցները Բաքվում որոշումը պայմանավորում են ներքին և ոչ արտաքին գործոններով։ Մինչդեռ, ասված է հոդվածում, գլխավոր ինտրիգն այն է, թե ինչպես Բաքվում և Երևանում միաժամանակյա քաղաքական ակտիվությունը կարող է անդրադառնալ տարածաշրջանային իրավիճակի և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ դրության վրա։

«Ընտրություններն Ադրբեջանում կանցկացվեն հարևան Հայաստանում վարչապետի թեկնածության հաստատումից մեկ շաբաթ առաջ։ Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ հենց վարչապետը և ոչ նախագահը օժտված կլինի իշխանական հիմնական լիազորություններով։ Դրանից մեկ ամիս առաջ էլ՝ մարտի 1-10-ը, Հայաստանում կընտրեն նախագահին։ Հրապարակային քարոզարշավ չի լինելու, ինչպես և համընդհանուր քվեարկություն․ ով է զբաղեցնելու երկու պաշտոնները՝ կորոշի խորհրդարանը»,- գրում է թերթը։

«Կոմերսանտի» հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշում է, որ տարվա առաջին կեսին երկու երկրներում ընտրությունների անցկացոմը կարող է կողմերին հնարավորություն տալ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որևէ անցումային որոշում ընդունել, որը պահանջում է լեգիտիմության ավելի բարձր աստիճան»։ Հայաստանի բարձրաստիճան շրջանակներից թերթի մեկ այլ զրուցակից պակաս լավատես է և հակված է Ադրբեջանից ակնկալել ԼՂ-ում իրավիճակի սրում։

Բաքվում բոլոր զրուցակիցները միաձայն պնդում են, որ ընտրությունների տեղափոխումը Հայաստանի հետ որևէ առնչություն չունի։