Նախարարությունը հորդորում է գյուղատնտեսական որոշ աշխատանքներ վաղ սկսել

Գյուղատնտեսության նախարարությունը այգեգործներին հորդորում է գյուղատնտեսական որոշ աշխատանքներ ավելի վաղ սկսել:

Ըստ հաղորդագրության` ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել սովորականից փոքր-ինչ ավելի վաղ: Մասնավորապես` այգեգործներին խորհուրդ է տրվում սկսել խաղողի այգիների այգեբացը:

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով` այգեբացի աշխատանքները պետք է սկսել առավոտյան և ավարտել մինչև 15: 00-ն: Այս դեպքում խաղողի վազերը ենթարկվում են կլիմայավարժեցման և պաշտպանվում են ցրտահարության վտանգից:

Անկախ բարձր ջերմաստիճանից՝ խորհուրդ չի տրվում սկսել խաղողի վազերի էտը:

Ջերմաստիճանային ռեժիմի հետագա հնարավոր փոփոխությունների դեպքում, ըստ անհրաժեշտության, նախարարության կողմից լրացուցիչ կտրվեն համապատասխան ցուցումներ ու խորհուրդներ:

Մեկնաբանել