Հայաստանին հաջողվել է կասեցնել բելառուսա-ադրբեջանական ռազմական գործարքը․ լրատվամիջոցներ

Հայաստանին հաջողվել է կասեցնել Բելառուսի կողմից Ադրբեջանին լուրջ զինատեսակների վաճառքը, հաղորդում են ադրբեջանական, բելառուսական և հայկական աղբյուրները։

2017թ․ աշնանը ադրբեջանական և բելառուսական աղբյուրները գրում էին, որ Ադրբեջանը Բելառուսից գնում է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

Թեմայի շուրջ բելառուսական naviny.by կայքում լույս էր տեսել Ալեքսանդր Ալեսինի հոդվածը՝ «Պոլոնեզ»-ները գնում են արտահանման․ առաջին գնորդը կարող է լինել Բաքուն» վերնագրով հոդվածը։ Հեղինակն ամփոփում էր Բելառուսի և Ադրբեջանի 15-ամյա ռազմատեխնիկական համագործակցությունը։

«Տարիներ շարունակ Բաքուն Մինսկի՝ խորհրդային արտադրության սպառազինությունների և ռազմատեխնիկայի հիմնական գնորդներից էր»,- գրում է Ալեսինը։

Հոկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել էր Մինսկ, որից հետո համացանցում հայտնվել էին նրա լուսանկարները Բելառուսի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններից մեկում։ Նկարներից մեկում Հասանովը կանգնած էր «Պոլոնեզի» մոտ։ Ադրբեջանական մամուլը համակարգերի գնումը ներկայացնում էր որպես կայացած փաստ, որպես Հայաստանի կողմից Ռուսաստանից ստացված «Իսկանդեր» համակարգի հակակշիռ։

Սակայն օրերս նույն Ալեքսանդր Ալեսինը հայտարարել է, որ Հայաստանին հաջողվել է կասեցնել գործարքը։

«Մենք ցանկանում էինք «Պոլոնեզ» համակարգեր վաճառել Ադրբեջանին, սակայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) մեր դաշնակից Հայաստանը դեմ էր դրան»,- «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին ասել է փորձագետը՝ հավելելով, որ գործարքը չի կայացել, և հնարավոր է՝ առաջին գնորդը լինի Ղազախստանը։

«Սպուտնիկ Արմենիա»-ն, վկայակոչելով ՀՀ պաշտպանության նախարարությունից իր աղբյուրները, հաստատել է փաստը։ Ըստ տեղեկության՝ Հայաստանը ամենաբարձր մակարդակով մատնանշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժերի հավասարակշռությանը սպառնացող գործարքներն անընդունելի են։

Աղբյուրը շեշտել է՝ մինչև այժմ Երևանը աչք էր փակում այն փաստի վրա, որ Բելառուսը տարիների ընթացքում մեծ քանակությամբ սպառազինություններ է վաճառել Ադրբեջանին, օգնել նրան կործանիչների արդիականացման հարցում, սակայն Հայաստանը որոշել է այլևս չլռել։Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ Ադրբեջանը ներառված է աշխարհում զենքի 40 խոշորագույն ներկրողների աղյուսակում՝ զբաղեցնելով 21-րդ տեղը։ Նրա հիմնական մատակարարներն են Ռուսաստանը (69 տոկոս), Իսրայելը (22 տոկոս), Բելառուսը (3,6 տոկոս)։ SIPRI-ի տվյալներով՝ 2012–16թթ․ Ադրբեջանը Հայաստանի համեմատ ներմուծել է 20 անգամ ավելի շատ սպառազինություն:

2016թ․, նույն SIPRI-ի համաձայն, Ադրբեջանը Բելառուսից գնել է 170 մլն դոլարի զենք։

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի համաձայն՝ 2002-2012թթ․ Ադրբեջանը Բելառուսից գնել է Т-72 153 տանկ (Մինսկի արտահանած 271-ից), 122 մմ տրամաչափի 120 Դ-30 քարշակող հրետանային համակարգ, 203 մմ տրամաչափի 2С7 «Պիոն» 12 ինքնագնաց հրետանային կայանք, ԲՏՐ-70 տիպի 60 հատ զրահափոխադրիչ, Սու-25 տիպի 11 գրոհիչ։

«Սպուտնիկի» մել այլ զրուցակից՝ փորձագետ Կարեն Վրթանեսյանը, նշել է, որ գործարքը կարող էր չկայանալ Երևանի հետ կապ չունեցող պատճառներով, օրինակ՝ երբեք էլ չէր ծրագրվել՝ հաշվի առնելով, որ թեմայի շուրջ ամբողջ աղմուկը բարձրացրել է ադրբեջանական կողմը․ նույնիսկ բելառուսական մամուլը հղում էր անում ադրբեջանական աղբյուրներին։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել